Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է

PanARMENIAN.Net - Սպիտակի ավերիչ երկրաշարժից 35 տարի է անցել։

1988 թվականի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում:

Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:

Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժը 25,000 մարդու կյանք է խլել, 100,000-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000-ը դարձել հաշմանդամ, մոտ 530,000 քաղաքացի անօթևան: Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվել է, որոնցից 75,000–ը՝ Հայաստանից դուրս:

35 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն, դեռ կան ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներ:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ`նշելով, որ անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր:

«Սակայն մեր ժողովուրդը, ուժերի լարումով ու ջանքով, կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել բնական աղտի հետևանքները: Մարդկային կորուստների ցավը մեղմելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, մեր երկիրն ստացավ հայկական սփյուռքի, մեր բարեկամ ժողովուրդների ու պետությունների բարոյական ու նյութական անուրանալի աջակցությունը:

Այսօր մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք նախևառաջ երկրաշարժից տուժած մեր քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով, ինչպես նաև պատասխանատվությամբ, քանի որ բնական աղետների վնասները նվազագույնի հասցնելու համար հավասարապես կարևոր են մեր քաղաքացիների, շինարարների, ճարտարապետների ու պետական պաշտոնյաների՝ բարեխիղճ, պատասխանատու և գիտակից որոշումները»,–ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---