Անհրաժեշտ է որոշակիացնել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ անցնող սահմանը, հետո միայն խոսել այն բացելու մասին

PanARMENIAN.Net - Առաջին հերթին հարկավոր է որոշել, թե ինչպես է անցնում սահմանը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ, հետո միայն խոսել սահմանը բացելու մասին: Այդ մասին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ երկու պետությունների միջեւ գոյություն չունի իրավականորեն հաստատված սահման, դե-ֆակտո կա նախկին ԽՍՀՄ եւ Թուրքիայի սահմաններում արված տարածքային բաժանումը` որոշված 1921թ. Կարսի պայմանագրի շրջանակներում:



«Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը լինելով Առաջին Հանրապետության իրավահաջորդը, չի վավերացրել Կարսի պայմանագիրը, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երեւանը չի ճանաչում իրերի այս վիճակը: Այս իրավական իրավիճակին Թուրքիայում լավատեղյակ են, քանի որ դեռեւս 2005թ. Էրդողանը հայտարարեց.«Եթե Հայաստանը չճանաչի Կարսի պայմանագրի պայմանները, ապա թող մեզանից չնեղանա»: Այս իրավիճակի հետ է կապված նաեւ թուրքական ԶԼՄ-ների պահվածքը, որոնք «կերակրում են» իրենց ընթերցողին «ճանապարհային քարտեզի» մասին հորինվածքներով: Տարօրինակ է, որ Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք կոչ են անում չհավատալ թուրքերին, իրենք իսկ օգտվում են թուրքական տեղեկատվական ապրանքից: Հույժ գաղտնիության այս իրավիճակում մնում է միայն հույսը դնել Հայաստանի իշխանությունների դիվանագիտական իրավասության վրա եւ ապավինել, որ մեր հայրենիքի շահերը առավելագույնս կպաշտպանվեն թուրքերի հետ բանակցություններում»,-ասել է Դավթյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---