Խանդանյան․ Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել ՀՀ-ին

Խանդանյան․ Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան։

Ըստ Խանդանյանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին, որ ժամ կամ օր ֆիքսվի, հայտնում է Aysor.am-ը։

«Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը, որովհետև բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ, եթե սկզբունքները չարձանագրվեն, ապա, այո՛, պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որն ակնկալում ենք»,- ընդգծել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են, շարունակական լինեն։

«Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները ու ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»,- նշել է նա։

Վերջին շրջանում Ադրբեջանն աշխատում է ՀՀ հետ բանակցությունները երկկողմ ձևաչափ տեղափոխել՝ հրաժարվելով միջազգային հարթակներում հանդիպումներից։ 2023–ի աշնանը Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---