Փաշինյանը ԶՈւ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում հանձնարարականներ է տվել

Փաշինյանը ԶՈւ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում հանձնարարականներ է տվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ անդրադարձել է Զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը։

Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։

Ներկայացվել են կառավարության որոշմամբ ներդրված ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Այս համատեքստում, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարեսկզբին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների վիճակագրական տվյալներին, 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության շրջանակում կատարված աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերին, առաջիկա անելիքներին և պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք այլ թեմաների:

Հունվարի 9–ին ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսում մեկ օրում 2 սպա է մահացել հրազենային վիրավորումից։

Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։

Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---