13 հունվարի 2024 - 15:21 AMT
The Economist–ն անդրադարձել է Արմեն Սարգսյանի «Փոքր երկրների ակումբ» գրքին

The Economist պարբերականը «Ինչ կարող են սովորեցնել հաջողակ փոքր երկրները մնացած աշխարհին» (What adroit small countries canteach the rest of the world) վերնագրով գրախոսականում անդրադարձել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած և վերջերս լույս տեսած՝ «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գրքին:

Պարբերականը նշել է, որ Հայաստանի նախկին նախագահն իր գրքում անդրադառնում է այն փոքր պետություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել և այն դասերին, որոնք նրանք կարող են տալ մյուսներին, հայտնում է «Առավոտը»։

Նշվում է, որ հեղինակը ներկայացնում է այդպիսի մի քանի երկրների «դիմանկարներ», որոնք նաև համեմված են անձնական պատմություններով և ուսումնասիրություններով: Մասնավորապես ադ բազմազան փնջի մաս են կազմում Սինգապուրը, որը, անհաջող մեկնարկից հետո, Լի Կուանի հեռատես ղեկավարության և քաղաքականության շնորհիվ դարձել է աշխարհի ամենահաջողակ քաղաք-պետություններից մեկը, Բոտսվանան, որը, լինելով չմշկված ադամանդ Աֆրիկայում, դարձել է խելամիտ տնտեսական քաղաքականության ու արդյունավետ կառավարման մոդել: Եվրոպական հաջողակ փոքր երկրների եռյակում Արմեն Սարգսյանն առանձնացնում է Շվեյցարիան, որը չեզոքությունը դարձրել է իր առավելությունը, լավ կապակցված, բաց ու գլոբալ Ւռլանդիան և պրագմատիկ Էստոնիան, որն անճանաչելիորեն փոխվել է պարզեցված հարկման և էլեկտրոնային կառավարման առաջամարտիկ դառնալու շնորհիվ:

Նշվում է, որ Մերձավոր Արևելքն ունի փոքր և հաջողակ պետությունների իր աստղաբույլը՝ Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան:

Արմեն Սարգսյանը տպավորված է Իսրայելի՝ որպես «ստարտափ ազգի» հմուտ լոբբինգով և տնտեսական հնարամտությամբ, որը, ինչպես և Հայաստանը, ունի «տրավմատիկ» պատմություն և համաշխարհային սփյուռք:

«Սակայն Հայաստանը չի կարողացել հասնել այդպիսի տպավորիչ տնտեսական հզորության, լավագույնս օգտագործել սփյուռքի, գլոբալ ազգ լինելու իր հնարավորությունները, ստեղծել իր մոդելը:Հետևաբար, պարզապես փոքր պետություն լինելը դեռևս հաջողության երաշխիք չէ:

Այսպիսով, որո՞նք են հաջողված երկրների դասերը: Այդ երկրների գլխավոր խնդիրը գոյատեւումն է: Նրանք ճանաչում են իրենց խոցելի կողմերը և ապագային ուղղված ներդրումներ են կատարում: Ըստ Արմեն Սարգսյանի, հիմնական բաղադրիչները ներառում են ինքնության ուժեղ զգացողությունը, ազգային առաքելությունը, ռազմավարական նպատակը և արդյունավետ կառավարումը: Նա համոզված է, որ այս ամենի առկայության դեպքում փոքր պետությունները կարող են 21-րդ դարի բարդ մարտահրավերները հաղթահարել ավելի խելացի ձևերով, քան ավանդաբար խոշոր տերությունները»,–ասվում է հրապարակման մեջ:

Հեղինակն անդրադարձել է նաև Արմեն Սարգսյանի՝ փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարին՝ գրախոսականն ավարտելով հետևյալ կերպ. «Այնուամենայնիվ, ինչպես պարոն Սարգսյանն է համոզիչ կերպով նկարագրում, գեղեցիկը փոքր լինելն է»: