Արգիշտի Կիվիրյանի ազգականները հետաքննությունը անիրազեկ են համարում

PanARMENIAN.Net - «Միեւնույնն է` մենք կսպանենք քեզ»,- փախչելիս գոչում էին Արգիշտի Կիվիրյանի հանդեպ մահափորձ կատարած մարդիկ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է Արգիշտի Կիվիրյանի տիկին Լուսինե Սահակյանը: «Եթե մահափորձի կազմակերպիչները կարծում են, որ այդ հարձակմամբ նրանք մեզ վախեցրել են, ապա նրանք տեղյակ չեն, թե ում հետ գործ ունեն»,- ասել է նա: Լուսինե Սահակյանի խոսքով, իրեն հետաքրքրում է երեք հարց. որտեղ են այն փամփուշտները, որոնք սկզբում դեպքի վայրում էին, իսկ հետո անհետացան; ինչու հարձակման փաստով քրեական գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 117 հոդվածով (Առողջությանը կանխամտածված թեթեւ վնասի պատճառում), այլ ոչ թե 33-104 հոդվածներով, որոնք մահափորձ են նախատեսում: Եւ երրորդ հարցը` ինչու է հետաքննությունը վարում քննիչի օգնականը, այլ ոչ ինքը` քննիչը: «Ես չեմ դիմում իրավապաշտպան մարմիններ, քանի որ չեմ վստահում նրանց: Կարծում եմ` հենց նրանք են հետեւում մեզ, եւ ողջ հայթայթված տեղեկատվությունը կարող է օգտագործվել իմ դեմ»,- հայտնել է Լուսինե Սահակյանը:



Փաստաբան Ռուբեն Սահակյանն իր հերթին հայտնել է, որ գրագետ դատավորը երբեք քրեական գործ չէր հարուցի ՔՕ 117 հոդվածով. դրա համար հարկավոր է տուժածի դիմումը, որն Արգիշտի Կիվիրյանի դեպքում չկար: «Դա արդարադատության այբուբենն է, եւ դա պարտավոր է իմանալ իրեն հարգող ցանկացած իրաբան»,- նշել է նա: Նրա կարծիքով, գործը պետք է հարուցվեր հոդված 104 մաս 2-ով` մահափորձ:



«Խոսքի ազատության պաշտպանություն» կոմիտեի նախագահի տեղակալ, լրագրող Մեսրոպ Հարությունյանն առանձնապես նշեց, որ դա առաջին հարձակումը չէ ինչպես լրագրողների, այնպես էլ փաստաբանների հանդեպ, որն անպատիժ է մնում: Հայաստանի կառավարությունն ամեն անգամ հրապարակավ հայտարարում է այդ գործերի բացահայտման անհրաժեշտության մասին, «բայց ես դեռեւս ոչ մի բացահայտված գործ չեմ տեսել»:



Ապրիլի լույս 30-ի գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today էլելկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծել են, որից հետո նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել:



Կիվիրյանին հայտնաբերած ազգականները նրան «Շտապօգնության» Քաղաքային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան չեն ցանկացել ընդունել: Գլխավոր բժշկին կանչելու եւ հերթապահ բժշկին Կիվիրյանին գրանցել ստիպելու անարդյունք փորձերից հետո նրա ազգականները «Շտապօգնության» մեքենա են կանչել, որը 5-րոպեանոց ճանապարհը հաղթահարեց կես ժամում եւ տուժածին հասցրեց «Էրեբունի» բուժկենտրոն, որտեղ անհրաժեշտ բժշկական զննում կատարեցին, այդ թվում` գլխի համակարգչային տոմոգրաֆիա: Կիվիրյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում, թեեւ նա դեռեւս հիվանդանոցում է գտնվում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---