13 հունվարի 2024 - 17:01 AMT
Ucom-ի գլխավոր տնօրենն ամանորյա նվերներով շնորհավորել է Տավուշում ու Վայոց ձորում բնակվող Արցախից բռնի տեղահանված փոքրիկներին

Արցախից բռնի տեղահանված 2-14 տարեկան ավելի քան 1000 երեխա Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Ազատամուտ համայնքներում ու Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր համայնքներում ամանորի նվերներ է ստացել Հայաստանի ազգային կապի օպերատորից՝ Ucom-ից: Նվերները սանտամոբիլներով են հասցվել մարզեր: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ucom-ի աշխատակիցները Եղեգնաձորի ու Իջևանի մշակույթի տներում անձամբ հանձնել են նվերները:

«Ամանորյա հրաշքը մենք պետք է ապահովենք մեր արցախցի հայրենակիցների համար: Նրանք դրա կարիքը շատ ունեն: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելը մեզ համար կարևոր հանձնառություն է, որը մենք իրականացնում ենք մեծ սիրով ու հոգատարությամբ: Ամանորը հրաշքների սպասում է ու դրանց իրականացման մեկնակետ:

Ucom-ը թե՛ որպես ազգային օպերատոր և թե՛ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնառություն ունեցող ընկերություն, հետևողականորեն առավելագույնս իրականացնելու է մեր երեխաների ու ինչու չէ նաև օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցների երազանքների գոնե մի փոքր մասը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երկու մարզերի մարզպետներին՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, ում շնորհավորել է նշանակման առթիվ և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին:

Մարզպետների հետ քննարկման ժամանակ շնորհակալություն է հայտնել օգնությունների տրամադրման հարցերում աջակցության համար և նշել, որ ոլորտային աջակցությունները շարունակաբար են լինելու այդ մարզերում:

Հանդիպումներից հետո Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի, իսկ Տավուշում՝ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ նվերները հանձնել են Արցախից բռնի տեղահանված փոքրիկներին: