Վենետիկի Դոժերի պալատում ՀՀ-ին վերաբերող ավելի քան 30 ցուցանմուշ կներկայացվի

Վենետիկի Դոժերի պալատում ՀՀ-ին վերաբերող ավելի քան 30 ցուցանմուշ կներկայացվի

PanARMENIAN.Net - Ապրիլին Վենետիկի Դոժերի պալատում ցուցահանդես է բացվելու՝ նվիրված Մարկո Պոլոյին, այն ունենալու է հայկական հատված։ Այդ մասին հայտնել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

«Ներկայացվելու է 30-ից ավելի նմուշ, հատկապես միջնադարյան Հայաստանից։ Այսինքն ներկայացվելու է այն Հայաստանը, որը, ենթադրաբար, հենց Մարկո Պոլոն է տեսել»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Պողոսյանը նաև ասել է, որ հատուկ համագործակցության հետաքրքիր գործընթաց է ընթանում Բրիտանական թանգարանի հետ և այս տարի հետաքրքիր անակնկալ են ունենալու հայ այցելուների համար։

Ներկայացնելով թանգարանի գործունեությունը 2023 թվականին՝ տնօրենը տեղեկացրել է, որ թանգարանն ունեցել է 78,000–ից ավելի այցելու, երեք տասնյակ ցուցադրություն, հրատարակություններ։

«Փորձ է արվում թանգարանն ավելի նոր մակարդակի բարձրացնել, զարգացնել գործունեության տարբեր ուղղությունները։ Մեր արդի գործունեությունն ուղղված է այցելուներին հնարավորինս շատ հնարավորություններ ընձեռել թանգարանում հաղորդակցական, փորձարարական տարբեր ծրագրերում ընդգրկվելու համար։ Իհարկե, դեռ շատ անելիքներ կան»,- ասել է նա։

2023 թվականին Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն, համալրվելով մոտ 3000 նմուշով, հատել է 400,000–ի սահմանը։ Պողոսյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի փոքր լաբորատորիայում 1800-ից ավելի առարկա է վերականգնվել ու ամրակայվել։

«Պահպանության գործի համար շատ կարևոր է լայնարձակ, կարևոր սարքավորումներով, տեխնիկայով ապահովված վերականգնման լաբորատորիաները։ Այս առումով աշխատանքներ տարվում են ըստ եղած հնարավորությունների»,- ասել է Պողոսյանը։

Նա հայտնել է, որ այս տարի նախատեսում են շատ հետաքրքիր ցուցադրություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

«Մենք արդեն շարունակելու ենք համագործակցությունը նաև Հայաստանի պատմության թանգարանում։ Այսինքն, մենք խնդիր ենք դրել ոչ միայն նմուշներ ցուցադրել այլ թանգարաններում, նաև կարողանանք մեր թանգարան եկող այցելուների համար ցուցանմուշներ ներկայացնել արտերկրյա շատ հայտնի թանգարաններից»,- ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---