Լուվրի աջակցությամբ արդիականացված «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրությունը կբացվի 2024–ին

Լուվրի աջակցությամբ արդիականացված «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրությունը կբացվի 2024–ին

PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2024–ի ընթացքում այցելուներին կներկայանա լիովին նոր ու արդիականացված ցուցադրությամբ։ Այդ գործում հայկական թանգարանին օգնում է աշխարհի հռչակավոր թանգարաններից մեկը՝ Լուվրը։

«էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ասել է, որ արդեն մեկուկես տարի աշխատում են թանգարանի մշտական ցուցադրության վերանախագծման ուղղությամբ, հայտնում է Panorama.am-ը։

«Ֆրանսիայի կառավարության՝ Լուվրի ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ, իրականացնում ենք Էրեբունու թանգարանի մշտական ցուցադրության արդիականացման, փոփոխության գործընթացը»,- նշել է նա։

Սկզբնական փուլում՝ մոտ վեց ամիս, Բադալյանի ներկայացմամբ, աշխատել են հայեցակարգի վրա, այդ ընթացքում առցանց, նաև փորադարձ այցերով հանդիպումներ են ունեցել Լուվրի գործընկերների հետ։

«Հայեցակարգի մշակման ավարտից հետո ընտրվեց կազմակեպություն, որն իրականացնում է ցուցադրության նախագծում, դիզայն, մնացած այլ աշխատանքներ։ Նախագիծը գրեթե պատրաստ է։ Հաջորդ քայլն արդեն մշտական ցուցադրության ապամոնտաժումն է։ Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան, շուտով քաղաքապետարանից, նաև նախարարությունից թույլտվությունը կստանանք։ Դրանից հետո արդեն կանցնենք, ըստ նախագծի, ցուցադրության փոփոխության իրականացմանը»,- ասաց թանգարանի տնօրենը։

Ըստ հայեցակարգի, շեշտը դրված է նախաուրարտական ժառանգության, Ուրարտուի, Էրեբունու պատմության դրվագների վրա։

«Հայեցակարգով նախատեսված է ցուցադրության նորացում, արդիականացում, կլինի ժամանակակից ձևով մշակված քարտեզ, ցուցադրությունը կլինի ըստ ժամանակագրության ու թեմաների. առանձին հատվածով ներկայացված կլինի ռազմական գործը, կենցաղն ու կենսագործունեությունը, տնտեսությունը, սեպագիրը, հետուրարտական շրջանը։ Այս շրջանը մենք շատ ենք կարևորում, կազմավորվում է Երվանդունիների թագավարությունը։

Այսինքն ներկայացված կլինի թեմա առ թեմա, այցելուների համար բավական մատչելի կլինի ցուցադրությունը։ Կլինեն ուղեկցող տեքստեր, AR-ի և VR-ի կիրառմամբ նորարարական թվային տեխնոլոգիաներ, կլինի հատուկ անկյուն զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց համար»,–ասել է նա։

Մինչ նոր ցուցադրության պատրաստումը, Բադալյանի խոսքով, թանգարանը փակ չի լինի։

«Ներքևի հատվածում՝ ժամանակավոր ցուցադրության սրահում, կգործի ցուցադրություն բաղկացած Էրեբունի թանգարանի շատ կարևոր, շքեղ, մեծ նշանակություն ունեցող իրերի հավաքածուից»,–նշել է նա։

Տնօրենն ասել է, որ, եթե ամեն ինչ լավ ընթանա, այս տարվա մայիսի կեսին կբացվի թանգարանի՝ նոր ու արդիականացված ցուցադրությունը։

Միքայել Բադալյանը նաև նշել է, որ այս ամենի համար գումարը տրամադրում է ֆրանսիական կողմը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---