Բեռլինում փետրվարի 28-ին սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Բեռլինում փետրվարի 28-ին սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-29-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում, ինչի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում է նախարարների բանակցությունների ևս մեկ փուլ՝ «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ»։

Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում արտգործնախարարների հանդիպում կկայանա, նաև` սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ։

Բեռլինյան բանակցություններից առաջ, սակայն, Ալիևը զգուշացրեց՝ «Հայաստանը մի ճանապարհ ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները և հրաժարվել տարածքային նկրտումներից, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում»։ Ըստ նրա՝ «միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»։

Բացի այդ, Բաքուն խնդրահարույց համարեց Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերը՝ ընդգծելով դրանցից հրաժարվելու կարևորությունը:

Իր հերթին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց՝ այդկերպ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:

«Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային, և պահանջ ներկայացնելը, կարծում եմ, ճիշտ հռետորաբանություն չէ», - նշել էր Սիմոնյանը։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---