Փաշինյան․ Չեմ բացառում, որ դելիմիտացիան կսկսվի Տավուշից

Փաշինյան․ Չեմ բացառում, որ դելիմիտացիան կսկսվի Տավուշից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ասուլիսում հնչած առաջին հարցին, անդրադարձել է Ադրբեջանի պահանջին՝ «4 գյուղ վերադարձնելու վերաբերյալ»։ Նա ասել է, որ ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ դելիմիտացիան կարող է սկսվել Տավուշից։

«Ասվում է, որ ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին: Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Ադրբեջանի մամուլում հրապարակվում են տեղանուններ, բայց նման անուններով գյուղեր չեն եղել ՀՀ-ի տարածքում երբեք, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետ»,–ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ նախ պետք է արձանագրել, որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի դրանից հետո կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ, ինչ պահանջներ ունի Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ և որտեղ չունի կամ հնարավոր է՝ չունի։ Նա նաև ներկայացրել է ՀՀ–ի վիզուալ պատկերը։

Վարչապետը հավելել է, որ նախկին սահմանը, որ գոյություն է ունեցել ԽՍՀՄ–ի ժամանակ, այն ինչ գտնվում է այդ սահմանից այն կողմ՝ Ադրբեջան է, ինչ գտնվում է այս կողմում` Հայաստան։

Փաշինյանը չի բացառել, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։

«Բանակցային գործընթացում երբեմն տպավորություն է եղել, որ մենք կարող ենք, որոշակի իրողություններ հաշվի առնելով, տարածքների որոշակի փոխանակումներ անել՝ այն առումով, որ չնայած դե յուրե սահմանն այստեղ է, բայց, դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով, ինչ–որ փոփոխություններ անենք։ Նման հնարավորությունները մեծ չեն ու կարող են դեֆորմացնել գործընթացը, լրացուցիչ ռիսկեր բերել»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի անցնեն ՀՀ դե յուրե տարածքով։ Նա հավելել է, որ պետք է գնալ, հողի վրա տեսնել, թե այդ գիծը որտեղով է անցնում։

Փաշինյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ որոշումներ չկան և նաև հավելել է, որ առաջիկայում այցելելու է Տավուշի մարզ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։

Վարչապետը նաև հայտարարել է, որ «դելիմիտացված սահմանը պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածում հարատև կայունության համար»։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Պաշտոնական Երեւանը դեռ չի արձագանքել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---