ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին

PanARMENIAN.Net - ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին: Այն կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Նա ասել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը:

«Հայկական կողմը մեծապես կարեւորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ քաղաքացիական առաքելությունը նպաստել է միջադեպերի նվազեցմանը. ԵՄ համապատասխան հաստատությունները, անդամ երկրներն առավել տեղեկացված են իրավիճակի վերաբերյալ:

«Միևնույն ժամանակ դիտորդների ներկայությունն առավել դրական հոգեբանական մթնոլորտ են ստեղծում բնակչության համար»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարի տեղակալը:

ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը:

2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը երկրորդ որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն` վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով: Ավելին, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ խորհուրդը որոշեց ընդլայնել քաղաքացիական առաքելության կազմը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առաքելության մշտադիտարկման կարողությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---