Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում

Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում

PanARMENIAN.Net - Ծախսարդյունավետ ենթակառուցվածքների առկայությունը կարևոր աջակցություն է համայնքների համար: Դա հասանելի դարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) երկար տարի հետևողական աշխատանք են ծավալում Հայաստանի տարբեր մարզերում: Վայոց ձորի մարզի Սալլի գյուղում փողոցների լուսադիոդային (LED) լուսարձակներով աշխատող համակարգի արդյունավետությունը հասցրել են զգալ 2019 թվականին, երբ այստեղ տեղադրվել է 40 լուսարձակ՝ լուսավորելով 1500 մ ճանապարհ:

Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը: Տեղադրվել է ևս 24 լուսարձակ, լուսավորվել 800 մ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, երկու փուլի արդյունքում Սալլիում տեղադրվել է 64 LED-լուսարձակ, լուսավորվել 2300 մ ճանապարհ: Արդիականացվել է նաև համակարգի կառավարման վահանակը: Բացի մութն ընկնելուն պես ավտոմատ կերպով միացվող համակարգից, նոր վահանակը հնարավորություն է տալիս լույսերը միացնելու նաև հեռահար՝ GSM կապով՝ բջջային հեռախոսի միջոցով:

Սալլին գրեթե ամբողջությամբ լուսավորելն անհրաժեշտություն է եղել: Վայոց ձորում արջերի այցն այնքան սովորական է դարձել, որ այն այլևս անակնկալի չի բերում բնակիչներին: Բնակիչները կատակում են՝ ծուռթաթին այսուհետ լուսավորված փողոցներում են հանդիպելու։ Այժմ բնակիչների երեկոյան շարժն ավելի ապահով է:

«Մի քանի տարի է՝ վայրի կենդանիները, հատկապես արջերը, մեծ վնաս են տալիս գյուղացիներին. ծառեր ու այգիներ են վնասում: Հիմա մարդիկ առանց վախի, ապահով են քայլում, տեսադաշտը երևում է: Համակարգը դրական այլ կողմեր էլ ունի: Խորհրդային տարիներին ունեինք լուսավորություն, բայց ամեն լուսարձակ, կարելի է ասել, չորս-հինգ տնտեսության սպառած էլեկտրաէներգիայի չափ հոսանք էր կլանում: Իսկ այս LED-լամպերը միասին, հավանաբար, դրանց մեկի չափ հոսանք չեն սպառի: Էլեկտրաէներգիայի պակաս սպառումից տնտեսված գումարներն օգտագործվում են գյուղի մյուս խնդիրները լուծելու համար»,- ասել է Սալլի բնակավայրի վարչական ղեկավար Մարտին Սարգսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքը երկարաժամկետ է և թիրախային: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող լուսադիոդային համակարգերը էներգախնայող են և բնապահպանական տեսանկյունից առավել ընդունելի: Դրանք թույլ են տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---