Վարչապետ․ Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը, Բերքաբերը ՀՀ քարտեզի մեջ են և կլինեն՝ խոսքը դիմացի սահմանների դելիմիտացիայի մասին է

Վարչապետ․ Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը, Բերքաբերը ՀՀ քարտեզի մեջ են և կլինեն՝ խոսքը դիմացի սահմանների դելիմիտացիայի մասին է

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը մտադիր է Տավուշի մարզից գյուղեր հանձնել, ասել է, որ Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը, Բերքաբերը ՀՀ քարտեզի մեջ են և միշտ կլինեն։

Վարչապետը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը: Ըստ նրա՝ պետք է այդ դեպքերում հորդորել կամ պահանջել, որ նման բան ասողներն ասեն, թե Տավուշի մարզի ո՞ր գյուղերի մասին է խոսքը, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածում: ՀՀ-ի կողմից այն տարածքը, որից պետք է սկսել, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի: Չպետք է շփոթել՝ այդ գյուղերի դիմաց գտնվող սահմանների ամբողջական դելիմիտացիային մենք պատրաստ ենք: Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում: Նույն գյուղերը չեն սրանք, Խորհրդային Միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ Բաղանիս գյուղ: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ և Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը մոտավորապես ադրբեջանական Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Հաջորդը՝ Հայաստանից կողմից Կիրանց գյուղ և նրա դիմաց գտնվող ադրբեջանական Խեյրիմլի գյուղ, սրանք նույն գյուղերը չեն: Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ և նրա դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կըզըլ Հաջիլի գյուղի հետ: Ընդ որում՝ Կըզըլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, 20 տարի առաջ էլ»,-ասել է Փաշինյանը:

Մատնացույց անելով Հայաստանի քարտեզը՝ վարչապետը շեշտել է, որ Բաղանիս գյուղը գտնվում է այդ քարտեզի մեջ, Բաղանիս Այրում գյուղը դուրս է և միշտ դուրս է եղել: ԽՍՀՄ ժամանակ Բաղանիս Այրում գյուղը դուրս է եղել այս քարտեզից, իսկ Բաղանիս գյուղը միշտ եղել է, կա և կմնա այդ քարտեզի մեջ:

«Ոսկեպար գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կմնա այս քարտեզի մեջ, Աշաղի Ասկիպարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից և այսօր էլ դուրս է: Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կլինի դրա մեջ, Խեյրիմլի գյուղը դուրս է այս քարտեզից և միշտ դուրս է եղել: Բերքաբեր գյուղն այս քարտեզի մեջ է և միշտ կմնա այս քարտեզի մեջ: Կըզըլ Հաջիլի գյուղը դուրս է եղել միշտ այս քարտեզից, այսօր էլ դուրս է: Աշաղի Ասկիպարա բնակավայրը, որի մասին այդքան մտահոգվում ենք, Ոսկեպարի դիմացի ադրբեջանական բնակավայրն է, այսօր նույնպես գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, միշտ էլ գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, ԽՄ ժամանակ եղել է Ադրբեջանի Հանրապետության մաս: Ոսկեպար գյուղի մասին խոսք չկա: Այլ բան, որ, ինչպես բարձրաձայնվեց, սահմանի դելիմիտացիայի հատվածների հետ կապված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկում իր ցույց տված քարտեզը, չեն ասում, թե սխալ քարտեզ է ներկայացնում:

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---