Աբրահամյան. Այն երկրները, որոնք կարող էին հասնել ԼՂ շրջափակման ճեղքմանը, բայց չարեցին, հիմա էլ ՀՀ–ին են անվտանգային երաշխիքներ խոստանում

Աբրահամյան. Այն երկրները, որոնք կարող էին հասնել ԼՂ շրջափակման ճեղքմանը, բայց չարեցին, հիմա էլ ՀՀ–ին են անվտանգային երաշխիքներ խոստանում

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով օդից բեռների մատակարարմանը շրջափակված Պաղեստինի ժողովրդին, նշել է, որ նույնը կարող էր արվել Արցախի 9-ամսյա բլոկադայի ժամանակ, բայց չարվեց։

Նա տարօրինակ է համարել, որ այն երկրները, որոնք կարող էին Ադրբեջանի վրա ճնշումների միջոցով հասնել շրջափակման նույնիսկ մասամբ ճեղքմանը, ոչ միայն դա չարեցին, այլ հիմա էլ Հայաստանին են անվտանգային միջազգային երաշխիքներ խոստանում:

«Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը` հումանիտար շրջափակումից մինչև խաղաղ բնակիչների թիրախավորումը, ցավոք, մեր իրականությանը ծանոթ ձեռագիր է, ինչն Ադրբեջանն իրականացնում էր Արցախի նկատմամբ:

Այստեղ մեկ այլ հանգամանք է նաև հատկանշանակ: Պաղեստինի շրջափակման պայմաններում, հումանիտար խնդիրներ լուծելու նպատակով, մի շարք երկրներ օգնությունն իրականացնում են օդից` բեռների մատակարարումն իրականացնելով ինքնաթիռների միջոցով:

Ճիշտ է դա խնդիրները մասամբ է լուծում, սակայն մի բան փաստ է նույնը կարող էր արվել Արցախի 9-ամսյա բլոկադայի ժամանակ, բայց չարվեց:

Ընդ որում` բնակչության թվի առումով, համեմատության մեջ, Արցախում բնակչությունն անգամներով զիջում է Պաղեստինին և օդով հումանիտար բեռի ապահովումը մեծ խնդիրներ կլուծեր»,–ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---