Հանձնախումբ․ Կոչ ենք անում թույլ չտալ Ադրբեջանին տեսանյութեր կամ հարցազրույցներ հեռարձակել գերիների հետ

Հանձնախումբ․ Կոչ ենք անում թույլ չտալ Ադրբեջանին տեսանյութեր կամ հարցազրույցներ հեռարձակել գերիների հետ

PanARMENIAN.Net - Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների՝ Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները կասեցնելու վերաբերյալ:

Հանձնախումբը կոչ է անում պետական գործիչներին և իրավապաշտպան կազմակերպություններին ուղղակի միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետագայում հեռարձակել ռազմագերիների և պատանդների հետ տեսանյութեր կամ հարցազրույցներ, քանի որ դա նրանց իրավունքների ուղղակի խախտում է։

«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն լրջորեն անհանգստացած է վերջին հաղորդագրություններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրավունքների կոպտագույն խախտումները, մասնավորապես հանրային հետաքրքրասիրությունից զերծ մնալու իրավունքի հիմնարար սկզբունքի առնչությամբ, որն ամրագրված է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի երրորդ կոնվենցիայում: Այս գործողությունները ոչ միայն դատապարտելի են բարոյական տեսանկյունից, այլև ուղղակիորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին: Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է ռազմագերիներին ենթարկվել հանրային հետաքրքրասիրության:

Ադրբեջանում ռազմագերիներին պատկերող տեսանյութերի հրապարակային հեռարձակումն այդ կոնվենցիայի համաձայն նրանց անձնական կյանքի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտում է: Ժնևի 4-րդ կոնվենցիայի 27-րդ հոդվածը նույն կերպ արգելում է նման հրապարակային ցուցադրությունները քաղաքացիական անձանց դեմ: Ավելին, այս գործողությունները խախտում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը հաստատում է գաղտնիության և անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության կամայական միջամտությունից պաշտպանվելու իրավունքը:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների հետ բեմադրված հարցազրույցների հեռարձակումը նրանց իրավունքների ուղղակի խախտում է և ավելի է խորացնում նրանց առանց այն էլ ծանր վիճակը: Ադրբեջանի նման մանիպուլյատիվ մարտավարությունը ծառայում է միջազգային մարդասիրական իրավունքի ամբողջականության խաթարմանը և պետք է անվերապահորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Այս աղաղակող խախտումների լույսի ներքո կոչ ենք անում պետական գործիչներին և իրավապաշտպան կազմակերպություններին ուղղակի միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետագայում հեռարձակել ռազմագերիների և պատանդների հետ տեսանյութեր կամ հարցազրույցներ: Սա ներառում է դիվանագիտական ուղիների օգտագործում, անհրաժեշտության դեպքում պատժամիջոցների կիրառում և հրապարակային դատապարտում ՝ Ադրբեջանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու համար։

Մենք վճռականորեն ընդգծում ենք, որ այլ մասնակից պետությունների կողմից նման տեսագրությունների ցանկացած վերահեռարձակում թույլ տալն ինքնին ոչ միայն Ժնևյան երրորդ և չորրորդ կոնվենցիաների կոպիտ խախտում է, այլ նաև մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքների դատապարտելի անտեսում։

Հետևաբար, չափազանց կարևոր է, որ մասնակից բոլոր պետությունները հրատապ և վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու ադրբեջանական նման տեսանյութերի որևէ վերահեռարձակ իրենց իրավասության տակ գտնվող սերվերների, լրատվամիջոցների հարթակներում։

Ավելին, մենք պահանջում ենք միջազգային մարդասիրական կազմակերպություններին, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, անհապաղ և անարգել մուտք գործել բոլոր կալանավայրեր, որտեղ պահվում են հայ ռազմգերիներն ու պատանդները: Դա կարևոր է այդ անձանց բարեկեցության և պատշաճ վերաբերմունքի ապահովման համար, ինչն ամրագրված է Ժնևի կոնվենցիաներով և մարդու իրավունքների այլ կիրառելի միջազգային պայմանագրերով՝ ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ այլ տեսակի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի տեսակների դեմ կոնվենցիան:

Հրամայական է, որ Ադրբեջանը կատարի միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և դադարեցնի հայ ռազմագերիների և պատանդների իրավունքները ոտնահարող բոլոր գործողությունները։ Դա չկատարելը ոչ միայն խաթարում է մարդասիրության և արժանապատվության սկզբունքները, այլև սպառնում է տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը:

Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության հետ՝ այդ խախտումների վերացման և հակամարտության հետևանքով տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ։

Կոչ ենք անում բոլոր պետական դերակատարներին և միջազգային կազմակերպություններին շարունակել պահանջել անհապաղ և անվերապահ ազատ արձակել ապօրինի ադրբեջանական գերության մեջ պահվող բոլոր հայերին։ Մեր հավաքական պարտականությունն է պահպանել Ժնևյան կոնվենցիաների և մարդու իրավունքների վերաբերյալ համաօպատասխան սկզբունքները, ինչպես նաև պաշտպանել ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող բոլոր ռազմագերիների և պատանդների արժանապատվությունն ու բարեկեցությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---