Սահակյան․ Եթե ՀՀ-ն հրաժավի Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, կլեգիտիմացնի ադրբեջանական «ավարը»

Սահակյան․ Եթե ՀՀ-ն հրաժավի Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, կլեգիտիմացնի ադրբեջանական «ավարը»

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանը, հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել գործընթացում և արգելափակել ադրբեջանական «ավարի» լեգիտիմացումը, սկսել է ճնշել ՀՀ իշխանություներին, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։

Նա նշել է, որ վնասները էական են լինելու, ուստի պետք է ձեռնպահ մնալ նման գործընթացներից, գրում է Aysor.am-ը։

«Այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ կհրաժարվի ՀՀ-ի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, որովհետև մենք չունենք սիմետրիկ վիճակ։ Եթե երկկողմանի ագրեսիա լիներ, երկկողմանի հանցագործություններ, զավթումներ ու էթնիկ բնաջնջումներ լինեին և երկու կողմերը հավասար մոտեցում ցուցաբերեին, միգուցե սա ընդունելի կլիներ, բայց մենք ցանկանում ենք ոչ հավասար կարգավիճակում ունենալ հավասար լուծումներ, ինչը անխուսափելիորեն ծնելու է անարդարություն»,-ասել է նա։

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կան միջազգային ատյաններ, որտեղ կարող է դիմել միայն պետությունը։

«Օրինակ՝ ՄԱԿ-ի միջազգային արտյաններում կողմ չեն կարող լինել անհատները և սա էապես ազդեցություն կունենա իրավական գործընթացների վրա։ Օրինակ՝ խտրականության ձևերի խնդիրներ անհատները չեն կարող ներկայացնել ՄԱԿ-ի դատարան»,-ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ բողոքը հետ կվերցնեն։ Նա ասել է, որ բնական է, որ եթե կնքում են խաղաղության պայմանագիր, հետ վերցնեն բողոքը

«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել եւ քննարկվում է: Դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ Խաղաղության պայմանագրի դրույթները արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու երկու կողմերը պատրաստ կլինեն այն ստորագրելու։ Ինչի են կողմերը դիմում միջազգային դատարաններ, երբ որեւէ ձեւով խնդիրները հասցեագրված չեն կամ կառավարելիության խնդիր ունեն: Երբ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հասնում ենք համաձայնության, ես չեմ բացառում, նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք, խոսքը չի կարող լինել միայն ՀՀ-ի մասին, նաեւ նման լուծման գնալ»,–ասել էր նա։

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---