Փաշինյան․ ԼՂ–ին արգելել են Բաքվի հետ հանդիպել եվրոպական հարթակներում

Փաշինյան․ ԼՂ–ին արգելել են Բաքվի հետ հանդիպել եվրոպական հարթակներում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին արգելել են Ադրբեջանի հետ հանդիպել եվրոպական հարթակներում։

«Եղել է հնարավորություն եվրոպական հարթակներում սկսել խոսակցություն Ադրբեջանի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղը չի գնացել, որովհետև արգելել են։ Արգելել են, դա ես չեմ եղել, չէի կարող․․․»,- ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ չպարզաբանելով, թե ովքեր են եղել արգելողները, գրում է Sputnik Արմենիան։

Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, որովհետև չենք առերեսվել այն պարզ իրողության հետ, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմում։

«Միջազգային հանրությունն ասել է՝ շատ լավ, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և ԼՂ–ն պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ։ Սա է ամբողջ պրոբլեմը, որ 1996-1998թթ․ պրոցեսներով Հայաստանն իշխանությունը զավթելու և պահելու համար ներկայացվել է այլ լույսի ներքո, և որոշ տեղերից ստացվել են հավաստիացումներ՝ լավ է, կլուծենք, դուք բան մի արեք»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի, անվտանգության ապահովման մասին, իսկ այսօր կառավարությունն այլ բովանդակությամբ և լրիվ ուրիշ բաների մասին է խոսում, ուստի, ըստ նրա, եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այս կառավարությունը լինել լեգիտիմ, պետք է հրաժարական տա։

Փաշինյանի խոսքով՝ ինքն էլ երբ եկել է, ասել է՝ այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով։

2023–ին մի քանի անգամ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման հնարավորությունը, այդպիսի հանդիպումներից մեկը պետք է տեղի ունենար Բրատիսլավայում: Բայց այն չկայացավ, Ստեփանակերտից ավելի ուշ հայտարարեցին, որ պատճառը ղարաբաղյան կողմի դիրքորոշումը չէր, իրենք միշտ պատրաստ են քննարկել ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ կազմակերպելու ողջամիտ առաջարկները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---