Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է․ Հավաքվածներն այստեղ են գիշերել

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է․ Հավաքվածներն այստեղ են գիշերել

PanARMENIAN.Net - Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում շարունակում է փակ մնալ։ Հավաքվածներն այստեղ են գիշերել՝ գիշերը հանգիստ է անցել։

Քաղաքացիներն ասել են, որ ոստիկանական ուժերի կուտակումներ չեն նկատել, պարեկային ծառայության մի քանի մեքենա կա տարածքում, հայտնում է «Ազատությունը»։

Ապրիլի 22–ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված։ Ավելի վաղ գյուղացիներն ասել էին, որ իրենք Երևան չեն գալու և ակնկալում են, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։

Ապրիլի 21–ին Կիրանցում էր «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։ Նա փոխանցել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր կային։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---