Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում

Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը:

Միրզոյանը ներկայացրել է Ալմաթիում կայացած քննարկումների մանրամասները: Նախարար Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման, սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը:

Հանդիպումը հաջորդել է Միրզոյանի կողմից «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) ստորագրմանը, որին ներկա է եղել Բուրիչը։ Նա շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ՝ ողջունելով ԵԽ շրջանակներում ՀՀ փոխգործակցության ավելացմանն ուղղված կարևոր քայլերը:

2024թ. մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---