Թուրքիայում մտադիր են հրատարակել Հայոց ցեղասպանության մասին Վահագն Տատրյանի գիրքը

PanARMENIAN.Net - «Մոտավորապես 4 շաբաթ առաջ ինձ զանգահարեցին թուրքական համալսարաններից մեկից եւ հաղորդեցին, որ ուզում են թուրքերեն լեզվով հրատարակել Հայոց ցեղասպանությունն իրականացրած զինվորականների նկատմամբ դատավարական գործընթացների մասին իմ գիրքը»,- ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ցեղասպանության մասնագետ եւ պատմաբան Վահագն Տատրյանը, ավելացնելով, որ,- «Դա անհավանական է, Թուրքիան 80 տարի ժխտել է Ցեղապսանությունը, եւ հանկարծ Ստամբուլը որոշել է հրատարակել իմ գիրքը թուրքերենով»:



Դասախոսության ժամանակ Տատրյանը զուգահեռներ տարավ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ` ներկայացնելով մարդկության նկատմամբ այդ երկու հանցագործությունների տարբերությունները: «Առաջին հերթին, հայերը ոչնչացվել են իրենց հայրենիքում, իսկ հրեաները` Եվրոպայում, երկրորդ, ի տարբերություն հրեաների, հայ ժողովրդի ոչնչացման հիմնական գործոնը կրոնն է եղել»,- նշել է Տատրյանը, ավելացնելով, որ հայերն ի տարբերություն հրեաների մահացել են ավելի տանջալի մահով:



Տատրյանը նաեւ նշեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու 3 պատճառներ. «Առաջին, թուրք երիտասարդությունը, որը չգիտի իսկական պատմությունը, որովհետեւ թուրքական գրքերում ոչ մի տեղ նշված չէ, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբի թուրքական պատմության մի մասն է կազմում, երկրորդ, հարկ կլինի 90 տարվա պատմական հրատարակությունների մեջ փոփոխություններ մտցնել, եւ երրորդ, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպե՞ս նա կբացատրի իր ժողովրդին 90 տարիների ընթացքում Ցեղասպանության ժխտման պատճառը: Ստացվում է, որ այս տարիների ընթացքում ժողովրդին խաբել են»,- հայտարարել է նա, ավելացնելով,- «Այսօր թուրք ուսանողները չգիտեն, որ Քեմալական պետությունը հիմնված է Հայոց ցեղասպանության վրա»:



Դասախոսությունից հետո տեղի ունեցավ «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել էր 1918-ին: Ֆիլմը պատմում է Արշալույս Մարդիղանյան անունով 16-ամյա աղջկա մասին, որը մահից փրկվել էր Անդրանիկ Օզանյանի շնորհիվ: Վերջինս նրան ԱՄՆ էր ուղարկել, որպեսզի նա պատմեր իր պատմությունն աշխարհին:



Ֆիլմը նկարահանված է Արշալույս Մարդիղանյանի «Խոշտանգված Հայաստան» ֆիլմի մոտիվներով, որտեղ նա պատմում է իր ընտանիքի պատմությունը:



«Սոցիալական եւ մասնագիտական առաջընթաց» հիմնադրամի տնօրեն Սոսի Կեւոնյանը, ներկայացնելով ֆիլմը, պատմեց, որ նկարահանումներին մասնակցել է 10 000 մարդ, որոնցից 200-ը Ցեղասպանության վկաներ են եղել: Ֆիլմի բյուջեն կազմում է 250 000 դոլար, ֆիլմը կազմված է 8 մասերից, բայց, ցավոք սրտի, պահպանվել է միայն մեկ մասը:



«Ֆիլմը կոչվում է «Հոգիների աճուրդ», որովհետեւ հայերին վաճառել են 85 ցենտով, ինչը հավասար է այսօրվա 200 դրամին, եւ ողջ իմաստը նրանում է, որ վաճառել են ոչ թե հոգին, այլ հենց հայկական հոգին»,- հայտարարել է նա:



1918-ին «Հոգիների աճուրդ» ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---