Հայաստանն ու Իրանը բախվում են մեկուսացման խնդրի հետ

PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունները հարկավոր է դիտարկել մի քանի տեսանկյունից` ընդհանուր մարտահրավերների, ընդհանուր շահերի, երկու հարեւան պետությունների միջեւ ռազմավարական հարաբերությունների զարգացման, խորացման ու հեռանկարների տեսակտեից: Այդ մասին Երեւանում «Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Այսօր Հայաստանն ու Իրանը բախվում են մեկուսացման խնդրի հետ: Հայաստանը շրջափակված է երկու հարեւան երկրների` Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, իսկ Իրանի հանդեպ Արեւմուտքը կիրառում է տնտեսական պատժամիջոցներ: Բացի այդ, Հայաստանն ու Իրանը, հատկապես 2008թ. օգոստոսյան իրադարձություներից հետո, գտնվում են առավելապես անկայուն տարածաշրջանում»,-նշել է հայ փորձագետը:



Ըստ Ռ.Կիրակոսյանի, Հայաստանի համար աշխարհաքաղաքական մարտահրավեր է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման հարցը, այլ նաեւ երկրի ներքաղաքական խնդիրները: «Իրանի համար եւս մի շարք աշխարհաքաղաքական մարտահրավերներ կան, մասնավորապես, այն, որ Իրանը չի ընդգրկվել Թուրքիայի առաջարկած Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմում»,-ասել է Ռ.Կիրակոսյանը:



Ընդհանուր շահերի տեսակետից, հայ փորձագետը նշել է Երեւանի ու Թեհրանի մասնակցության անհրաժեշտությունը տարածաշրջանային խնդիրներին: Նրա կարծիքով, այդ երկրներին ավելի լավ կլինի մասնակցել այդ նախագծերին:



«Հայ-իրանական ռազմավարական հարաբերությունների զարգացման համար հարկավոր է ուշադրություն դարձնել 4 կետի վրա: Առաջինը` տրանսպորտային-հաղորդակցային կապերի զարգացումն է: Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը խոստումնալից նախագիծ է ոչ միայն երկու երկրների համար: Այն մի հատուկ միջանցք է, որ կապում է Հյուսիսն ու Հարավը»,-նշել է փորձագետը: Երկրորդ ասպեկտը, ըստ Ռ.Կիրակոսյանի, համագործակցությունն է էներգետիկ ոլորտում: «Բոլորն են հասկանում, որ առանց իրանական գազի Nabucco նախագիծը հարցականի տակ է: Այստեղ հայկական կողմը կարող է իր դերակատարությունն ունենալ»,-նշել է նա: Երրորդը, ըստ կենտրոնի տնօրենի, անհրաժեշտ է ավելացնել Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառության եւ ներդրումների ծավալները: «Ապրանքաշրջանառության ծավալները մեր երկրների միջեւ 2008թ. կազմել են ընդամենը 227 մլն դոլար: Այս ուղղությամբ Հայաստանի կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի»,-հայտարարել է Ռ.Կիրակոսյանը` հավելելով, որ քաղաքական երկխոսության զարգացումը Երեւանի ու Թեհրանի միջեւ երկկողմ ռազմավարական հարաբերությունների հիմնական ասպեկտներից մեկն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---