ԵվրԱսՏՀ-ի հիմնադրամը կկազմի 10 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱսՏՀ) անդամ երկրների Ֆինանսատնտեսական քաղաքականության խորհուրդն ընդունել է ճգնաժամի համատեղ հաղթահարման միջոցառումների ծրագիրն ու հակաճգնաժամային հիմնադրամ է ստեղծել: Այդ մասին նիստի ավարտին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: ԵվրԱսՏՀ-ի հիմնադրամը կկազմի շուրջ 10 մլրդ դոլար:



Հիմնական ներդրումը կանի ռուսական կողմը` 7,5 մլրդ դոլար, եւս մեկ միլիարդ կավելացնի Ղազախստանը: Մնացած 1,5 մլրդ պետք է ներդնեն կազմակերպության մյուս անդամները: Մեկական միլիոն դոլար են պարտավորվել փոխանցել Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը: Բելառուսի նախարարը դժվարացել է նշել ժամկետն ու գումարը: Եթե հաշվի առնենք, որ մայիսի 20-ին ՌԴ եւ ՀՀ ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Երեւանին շուրջ 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին, ապա, կարծես թե, այնպես է ստացվում, որ հենց Ռուսաստանն է ստիպված լինելու փրկել ճգնաժամի հետեւանքներից իր մոտակա հարեւաններին: Ընդ որում, որ արդեն հաջորդ տարի ՌԴ իշխանությունները մտադիր են կրկին արտաքին փոխառությունների դիմել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:



«Նախատեսվում է, որ հիմնադրամը կսկսի գործել երեք ամսից, այն ժամանակ էլ կսկսվի հայտերի ընդունումը: Այդքան ժամանակ կպահանջվի, ստորագրելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պարզաբանել է Կուդրինը: Իր հերթին, ԵվրԱսՏՀ-ի գլխավոր քարտուղար Թաիր Մանսուրովը նշել է, որ տնտեսական իրավիճակն անդամ երկրներում նույնքան լարված է, որքան աշխարհում: Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 11 տոկոսով, արդյունաբերական արտադրությունը 12 տոկոսով, ներդրումները հիմնական կապիտալում` 12 տոկոսով: Այս առնչությամբ, հայտարարել է Կուդրինը, ԵվրԱսՏՀ-ի երկրները պայմանավորվել են բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման մասին էլեկտրոնիկայի ոլորտում, որը հետագայում առաջ կմղի ԵվրԱսՏՀ երկրների տնտեսությունները: Այս հարցի շուրջ առավել մանրամասն կխոսեն կառավարությունների ղեկավարները հունիսի 9-ին Մոսկվայում»,-ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---