Մոսկվայում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի շնորհանդեսը:



Շնորհանդեսին ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաեւ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի, ԱՊՀ երկրների ինստիտուտի, Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, Մոսկվայում միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի, այլ գիտական հաստատությունների եւ հիմնադրամների ներկայացուցիչներ:



Միջոցառմանը ներկա էին նաեւ ռուսական մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչներ Ինեսսա Բուրկովան, Անդրեյ եւ Գալինա Նույկինները: Կոմիտեն ստեղծվել է 1991թ., շրջանում արտակարգ իրավիճակի ժամանակաշրջանում` ԽՍՀՄ եւ Ադրբեջանի ԽՍՀ Ներքին գործերի նախարարությունների ուժերի կողմից Արցախի ազատագրական շարժման ուժային ճնշման փորձերին ի պատասխան:



Մոսկովյան հասարակայնության, ռուսական մայրաքաղաքի հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց ուշադրությամբ նույնպես պատվեցին Ռուսաստանում առաջին անգամ լույս տեսած` ղարաբաղյան հիմնախնդրի եւ ժամանակակից իմպերիալիզմի դեմ Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի նման մասշտաբային եւ ծավալուն հետազոտության շնորհանդեսը:



ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական Ռուբեն Ազիզբեկյանը եւ Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը հյուրերին ներկայացրին գիրքը եւ գրքի հեղինակին` նշելով աշխատանքի կարեւորությունը եւ ճիշտ ժամանակին հայտնվելը:



Գրքի մասին իրենց խոսքն ասացին նախկինում ԽՍՀՄ երկրաբանության նախարար Գրիգորի Գաբրիելյանցը, հայտնի պատմաբան, ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի եւ ՌԴ Պետդումայի բազմամյա պատգամավոր Վիկտոր Շեյնիսը, ռուս-հայկական բարեկամության միության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը:



Կազակների համաշխարհային կոնգրեսի նախագահության անդամ, ատամանների միջազգային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Մադաթյանը իր կազակական կազմակերպության անունից Արսեն Մելիք-Շահնազարովին պարգեւատրեց «Հանուն մարդկայնության» շքանշանով:



Գրքի տպաքանակը երեք հազար օրինակ է: Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը շարունակում է աշխատանքներ տանել գրքի տարածման ուղղությամբ, որը ռուսներին կհասցնի Արցախի եւ իր հողում ազատ ապրելու իրավունքի համար Արցախի ժողովրդի արդար պայքարի մասին ճշմարտությունը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---