Ձայնագրվել են Կոմիտասի` երգչախմբի համար գրված 147 ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանը նշում է մեծանուն հայ կոմպոզիտոր, ազգագրագետ, երաժշտագետ Կոմիտասի 140-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շարքում հունիսի 13-ին Կամերային երաժշության տանը տեղի է ունենալու Երեւանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ) համերգը:



Համերգային ծրագիրը կազմված է բացառապես երգչախմբի համար գրված Կոմիտասի ստեղծագործություններից:



«Այն օրից, երբ ինձ հայտնի դարձավ, որ Կոմիտասը ստեղծել է 147 աշխարհիկ ստեղծագործություններ երգչախմբի համար, ինձ համար երազանք դարձավ ձայնագրել բոլոր 147 ստեղծագործությունները պրոֆեսիոնալ կատարմամբ եւ ժամանակակից տեխնիական հնարավորություններին համապատասխան: Պետական ռադիոյի եւ հեռուստատեսության ֆոնդերում ձայնագրվել էր միայն 23 ստեղծագործություն»,- հայտարարել է ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հարություն Տոպիկյանը մամլո ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր Հայաստանի Մշակույթի նախարարությունում:



Հարություն Տոպիկյանի երազանքն իրականացավ, եւ արդեն տասը տարի հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտության երկրպագուներին հնարավորություն է ընձեռվել վայելել Կոմիտասի երգչախմբային ստեղծագործությունները Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որը ձայնագրել է 5 ձայնասկավառակ:



ԵՊԿԵ-ն ստեղծվել է 1996-ին խմբավար Հարություն Տոպիկյանի նախաձեռնությամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի ֆինանսական աջակցությամբ: Երգչախմբի խաղացանկի մեջ ներառված են դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեզծագործություններ: ԵՊԿԵ-ն պետական կարգավիճակ է ստացել 2009-ին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---