ՇՄՆ–ն դրական եզրակացություն է տրվել Հատիսում Քրիստոսի արձանի կառուցման նախագծին

ՇՄՆ–ն դրական եզրակացություն է տրվել Հատիսում Քրիստոսի արձանի կառուցման նախագծին

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ապրիլի 3-ին ստորագրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը։

2023-ին, չնայած դեռ չկար հաստատված նախագիծ, փաստացի արձանի պատրաստումը սկսվել էր, iսկ Հատիսում սկսված շինաշխատանքների հետ կապված ԿԳՄՍ-ն դիմել էր ոստիկանություն, գրում է ՍիվիլՆեթը։

Կոտայքի մարզի Ակունք համայնքում արձանը կկառուցի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։

Շրջակա միջավայրի նախարարությունը 2024–ին հաստատել է «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը, որով սահմանվել են հատուկ պահպանվող տարածքներ Հատիս լեռան վրա։ Նշված է, որ արձանը գտնվելու է այդ սահմաններից 5-125 մետր հեռավորության վրա։

Դրական եզրակացությունը տրվել է մի շարք պայմաններով՝ հետևելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածին, ապահովելով ջրօգտագործման կանոնները, շինհրապարակի տեխնիկական պահանջները և այլ դրույթներ։

Համաձայն նախագծի՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը կտեղադրվի Հատիսի գագաթին։ Համալիրը կունենա 3 հարթակ, որտեղ նախատեսված են սրճարան, այցելուների սպասարկման հատված, ցուցասրահ և սանհանգույցներ։

Բոլոր հարթակները իրար միացված են աստիճաններով ու թեքահարթակներով՝ հասանելիություն ապահովելու համար։

Կառույցը լինելու միաձույլ երկաթբետոնից և երեսպատվելու է տրավերտինե սալերով։ Նախագծով նախատեսվում է նաև կառուցել 1300 մետր երկարությամբ ճոպանուղի՝ դեպի Քրիստոսի արձան և հետադարձ ուղղությամբ։

Ըստ ծրագրի՝ շինարարությունը կտևի 36 ամիս։ Նշվել է, որ թե՛ կառուցման, և թե՛ հետագա շահագործման փուլերում կստեղծվեն աշխատատեղեր, իսկ շինարարական աշխատանքներում ներգրավվելու են նաև տեղական համայնքի բնակիչներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---