Ծիծեռնակաբերդի հուշապատին բացվել է ծովակալ Դյու Ֆուրնեի հուշատախտակը․ Ներկա էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Ծիծեռնակաբերդի հուշապատին բացվել է ծովակալ Դյու Ֆուրնեի հուշատախտակը․ Ներկա էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատին տեղի է ունեցել Մուսա Լեռան հերոսամարտի ժամանակ մոտ 4000 հայի կյանք փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գերեզմանից բերված հողի զետեղման և նրա հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն, ինչպես նաև ծովակալի հարազատները, հայտնում է ՀՑԹԻ-ի մամուլի ծառայությունը։

Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն 1915 թ. Մուսա Լեռան հերոսամարտի ժամանակ զբաղեցրել է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալի պաշտոնը և, վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունն ու չսպասելով ֆրանսիական կառավարության հրամանին, միանձնյա որոշում է կայացրել օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող հայերին, ինչի շնորհիվ 4000-ից ավել մուսալեռցիներ փրկվել են և տեղափոխվել Եգիպտոս՝ Պորտ Սաիդ վրանաքաղաք:

ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանն իր խոսքում նշել է, որ այսօր պատմական օր է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմության մեջ: Հայոց ցեղասպանությունից և Մուսա լեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց, հայ ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին շուրջ 4000 հայի փրկած ֆրանսիացի ծովակալին: Ավելի քան 13 տարվա դադարից հետո Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատին ավելացնում ենք Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գերեզմանից բերված հողը և տեղադրում նրա հուշատախտակը: Դարթիժ դյու Ֆուռնեն լսելով բացառապես իր խղճի ձայնը, ցեղասպանվելուց փրկեց 4092 հայի, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ֆրանսիացի մեծ մարդասերին:

Ֆրանսիայի ԱԳ նախարաը նշել է, որ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեին և Միջերկրական ծովում Ֆրանսիայի երրորդ նավախմբի նավաստիներին, որոնք նրա հրամանատարությամբ, փրկեցին ավելի քան 4000 հայի կյանք: Միաժամանակ հիշում ենք նաև Մուսա Լեռան հայերին, որոնք 1915 թ. Օսմանյան կայսրությունում գործադրված բռնագաղթի փոխարեն ընտրեցին դիմադրության ճանապարհը և կարողացան փրկվել:

ՀՀ ԱԳ նախարարն էլ իր խոսքում նշեց, որի իր համար այս միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ժամանակին Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվելիս ուսումնասիրել է նաև այն մարդկանց գործունեությունը, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ վտանգելով իրենց կյանքը օգնության ձեռք են մեկնել հայերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---