ՄԻՊ-ը վտանգավոր է համարում իրավապահ մարմինների կողմից անմեղության կանխավարկածի չպահպանման միտումները

ՄԻՊ-ը վտանգավոր է համարում իրավապահ մարմինների կողմից անմեղության կանխավարկածի չպահպանման միտումները

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգություն է հայտնել իրավապահների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման կապակցությամբ։ ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել՝ հիմնվելով իր աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքների վրա։

«Արձանագրվել են վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին։

Ավելին, գործի քննության անաչառության վերաբերյալ պատշաճ հանրային ընկալումներ ձևավորելու տեսանկյունից իրավապահ մարմինները պետք է վարեն նաև համարժեք հանրային հաղորդակցություն։ Այս սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվեն ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը և այլն»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրավապահ մարմինների գործունեությունը պետք է իրականացվի անկախության, անաչառության, օբյեկտիվության սկզբունքների խստագույնս պահպանմամբ և այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նշված մարմինների գործունեությունն ընկալվի հենց այդ համատեքստում։

ՄԻՊ-ը հղում է արել նաև իր տարեկան հաղորդմանը՝ նշելով, որ այնտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել անմեղության կանխավարկածի պահպանման և հանրությանը տեղեկատվություն տրամադրելու ձևաչափի խնդրին։

Նշվում է, որ Պաշտպանը հետևողական է լինելու իրավասու մարմինների կողմից համապատասխան չափանիշների պահպանման հարցում։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հուլիսի 10–ին ձերբակալություններ են եղել ՀՅԴ անդամների շրջանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---