Հայաստանի Սյունիզի մարզում կառուցվում է Երեւանի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գորիս քաղաքի եւ Ակներ համայնքի տարանցիկ գոտում կառուցում է սրտաբանական կենտրոն, որը կլինի Հայաստանի հարավային շրջանների եւ Արցախի բնակչությանը սպասարկող միակ սրտաբանական բուժհաստատությունը: Այն կգործի որպես Երեւան քաղաքի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղ:



«Հայաստան» հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրի ֆինանսավորումը (նախնական արժեքը` շուրջ 820000 ԱՄՆ դոլար) ստանձնել են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը» (ASAF) եւ «Բյուշ Դյու-Ռոն» Ֆրանսիայի հարավային նահանգը: Գումարի զգալի մասը Հիմնադրամին է կտակել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը:



Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` Ֆրանսիայի ամենախոշոր նահանգներից մեկում կայացած այս եռակողմ համագործակցությունը ոչ միայն համախմբում է հայ համայնքին, այլ եւս մեկ անգամ փաստում Հիմնադրամի վայելած մեծ վստահությունը:



Երկհարկանի հիվանդանոցի կառուցումը մեկնարկել է մայիսի սկզբին. ներկայումս տարվում են հողային աշխատանքներ: Հիվանդանոցը կունենա գլխավոր մասնաշենք, պոլիկլինիկա եւ կաթսայատուն, որը կապահովի բուժհաստատության կենտրոնացված ջեռուցումը: Կենտրոնն օրական կսպասարկի 20 ամբուլատոր այցելուի. եւս 16 հիվանդ կստանան ստացիոնար բուժում: Հիվանդանոցին հարող տարածքը կբարեկարգվի ու կկանաչապատվի:



Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանի համոզմամբ` մոտ ապագայում սրտաբանական կենտրոն ունենալու փաստը կնպաստի նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը կհանգեցնի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:



«Երեւան հասնելու փոխարեն հիվանդը կկարողանա համապատասխան բժշկական օգնություն ստանալ այս կենտրոնում, որը կապահովի մատչելի ու որակյալ բուժսպասարկում»,- նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---