Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցանակակիրները ստացել են դրամական պարգեւատրումներ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրել է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության հայ մեդալակիրներին, որն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանում 2009-ի մայիսի 23-30-ը: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ խորհրդակցությունների դահլիճում:



Դրամական պարգեւատրում են ստացել աշխարհի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը (46 կգ ք/կ), աշխարհի փոխչեմպիոն Ջոնիկ Տոնոյանը (54 կգ ք/կ) եւ Հայկ Խաչատրյանը (70 կգ ք/կ), ինչպես նաեւ առաջնության բրոնզե մեդալակիրները, այդ թվում Արթուր Կաջոյանը (60 կգ ք/կ), Վոլոդյա Հայրապետյանը (63 կգ ք/կ), Ալեքսան Նազանյանը (80 կգ ք/կ) եւ Գոռ Մարգարյանը (ք/կ+80 կգ): Խրախուսվել են բռնցքամարտիկների անձնական մարզիչները եւ Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:



Հայաստանի ԱՕԿ նախագահը շնորհավորել է բռնցքամարտիկներին նրա համար, որ նրանք կարողացել են աշխարի առաջնությունում բարձր պահել իրենց երկրի պատիվը:



«Մենք ապացուցեցինք, որ պատրաստ ենք աշխարհի առաջնություններ անցկացնելուն, ինչի մասին խոսում է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի բարձր գնահատականը: Իսկ մեր բռնցքամարտիկներն ապացուցեցին, որ կարող են բարձր պահել իրենց երկրի պատիվը: Ես համոզված եմ, որ այդ պատանիները բազմիցս կդրսեւորեն իրենց միջազգային ասպարեզում»,- ասել է Ծառուկյանը, ավելացնելով, որ ԱԻԲԱ-ն ընդունել է մեծահասակների շարքում Եվրոպայի առաջնություն-2010-ը Երեւանում անցկացնելու հայտը:



Շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը:



Վերջինս, շնորհավորելով Հայաստանի ԱՕԿ նախագահին աջակցության եւ անգնահատելի օգնության համար աշխարհի առաջնության անցկացման գործում, նրան է հանձնել պատվավոր Գավաթ, հուշամեդալ, հուշանվեր եւ դիպլոմ:



Նշենք, որ Հայաստանի ԱՕԿ նախագահի կողմից դա մարզիկների երրորդ պարգեւատրումն է վերջին շաբաթում: Օրերս խրախուսվել են նաեւ ծանր ատլետիկայի եւ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---