ԼՂՀ-ն ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:



«Քաղաքացիական հասարակությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով համաժողովի անցկացումը համարում եմ հրատապ եւ հիմնավորված։ Պատճառը հիշյալ արատի՝ մեր երկրում վտանգավոր չափերի հասնելը չէ։ Ընդհակառակը, երեւույթը մեզանում կրում է հատվածական բնույթ, աչքի է ընկնում դրսեւորումների սակավությամբ եւ ծավալների փոքրությամբ։ Պատճառը մեր վերաբերմունքն է մի երեւույթի նկատմամբ, որը ոտնահարում է պետության օրենքները, խորթ է մեր արժեհամակարգին եւ բարոյականության վերաբերյալ պատկերացումներին։



Չարաշահումների եւ կաշառակերության դեմ պայքարը բնորոշ է գրեթե բոլոր պետություններին։ Սակայն այն առանձնակի հնչեղություն է ստանում հատկապես մեր պետության համար, որը շարունակում է ապրել ադրբեջանա-ղարաբաղյան դեռեւս չկարգավորված հակամարտության իրողություններում: Արդարադատության, սեփական ուժերի ու ապագայի հանդեպ մարդկանց վստահությունը խաթարող ցանկացած բացասական երեւույթ մեր պարագայում ուղղակի սպառնալիք է պետության անվտանգությանը։Վստահությունը կարեւորագույն քաղաքական ռեսուրս է յուրաքանչյուր պետության եւ իշխանության համար։ Առանց դրա անհնարին է կառուցել հասարակությունպետություն երկխոսությունը, աշխատել արտաքին աշխարհի հետ։



Այդ վստահությունն է ընկած նաեւ Սփյուռքի հետ մեր հարաբերությունների հիմքում։Համայն հայության ջանքերով ԼՂՀ տարածքում իրականացվում են մարդասիրական եւ վերականգնողական բազմաթիվ ծրագրեր։ Ուստի մենք չենք կարող անտարբեր մնալ մեր ժողովրդի սոցիալտնտեսական պայմանների բարելավման համար հատկացվող գումարների վատնման դեպքերի, անորակ շինարարության եւ նման այլ չարաշահումների հանդեպ։



Կոռուպցիայի դեմ խիստ վերաբերմունքը պայմանավորված է նաեւ տնտեսության բնականոն զարգացման նկատմամբ մեր դիրքորոշմամբ։ Հետեւողական քայլեր ձեռնարկելով տնտեսական դաշտի բարելավման եւ ներքին ու արտաքին ներդրումների ներգրավման ուղղությամբ՝ մենք չենք կարող հանդուրժել գործընթացը խոչընդոտող արհեստական պատնեշներ կամ առանձին անհատների կամայականություններ»,-ասել է Սահակյանը։







«Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է դատաիրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթ: Այն արդեն արժանացել է մեր խորհրդարանի հավանությանը, եւ արդյունքում՝ հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ, իսկ ,Դատախազության մասինե նոր օրենքով հստակեցվել է դատախազության դերը կոռուպցիայի դեմ պայքարում։ Այդ մարմնում իրականացված կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ ընթացիկ տարվա սկզբին ստեղծված կոռուպցիոն հանցագործությունների գործերով բաժինն արդեն զբաղվել է հիշյալ բնույթի ավելի քան 30 հանցագործություններով։

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում մեծ է պետական պաշտոնյայի բարձր մասնագիտական եւ բարոյական հատկանիշներին միտված կադրային քաղաքականության դերը։ Դատաիրավական համակարգում նման քաղաքականություն վարելու գործառույթները դրված են, մասնավորապես, Արդարադատության խորհրդի եւ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի վրա։ Այստեղից է սկսվում կադրային ներուժի անաչառ որակավորումն ու արատավոր երեւույթների բացառումը իրավապահ մարմիններում։ Եվ հենց այս աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված մրցակցության եւ ինքնակատարելագործման առողջ մթնոլորտի ձեւավորումը պետական կառավարման համակարգում»,-ասվում է ելույթում։



«Ներկայումս շահագրգիռ կառույցների ղեկավարների գլխավորությամբ ընթանում են այդ ոլորտում պետական մարմինների փոխգործակցության ռազմավարության մշակման աշխատանքներ։Համոզված եմ, որ համատեղ ուժերով եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի զգալի արդյունքների հասնել մեր պետության եւ ժողովրդի համար չափազանց կարեւոր այս հարցում»,-ասել է Բ.Սահակյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---