8 մայիսի 2026 - 18:56 AMT
Հրապարակվել է Երևանում կայանալիք COP17-ի նախնական օրակարգը

2026-ի հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17, դառնալով միջազգային բնապահպանական կարևորագույն հարթակներից մեկը։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը, որը ներառել է ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական նշանակության մի շարք կարևոր թեմաներ։

Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրների պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության անդամներ՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ համաշխարհային առաջընթացը և մինչև 2030 թվականը նախատեսված առաջնահերթ քայլերը։

Համաժողովի առանցքային թեման լինելու է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը։ Մասնակիցները կգնահատեն ծրագրի իրականացման համաշխարհային առաջընթացը, ինչպես նաև կքննարկեն մոնիթորինգի, հաշվետվողականության և իրականացմանն աջակցող մեխանիզմները։

Օրակարգում կարևոր տեղ են զբաղեցրել կարողությունների զարգացման, գիտատեխնիկական համագործակցության, գիտելիքների կառավարման, ինչպես նաև հաղորդակցության, կրթության և հանրային իրազեկմանն առնչվող հարցերը։

Քննարկումների առանցքում լինելու է նաև ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիան և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ այլ կոնվենցիաների ու կազմակերպությունների հետ քաղաքականությունների համադրման նպատակով։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և հարակից դրույթների իրականացմանը, որոնք վերաբերում են բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին ու մասնակցությանը։

Երևանյան հանդիպման օրակարգում ներառվել են նաև գենետիկական ռեսուրսների թվային տվյալների օգտագործման, սինթետիկ կենսաբանության, գենդերային հավասարության, ինչպես նաև կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության, առողջապահության ու ծովային էկոհամակարգերի միջև փոխկապակցվածության թեմաները։

Քննարկվելու են նաև անտառային կենսաբազմազանության, պահպանվող տարածքների և կենսաբազմազանության հարցերի՝ քաղաքականությունների ու ոլորտային կառավարման համակարգերում ինտեգրման ուղղությամբ հետագա քայլերը։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: