ԵԽԽՎ-ն քննարկում է Իրանում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) Իրանի հետ կապված բանաձեւ է ընդունել: Այն ընդունվել է հինգշաբթի օրը ԵԽԽՎ առավոտյան նիստի ժամանակ «Իրանում տիրող իրավիճակի մասին» զեկույցի շուրջ քննարկումներից հետո:



Քննարկումների ժամանակ ելույթ ունեցած պատգամավորները վճռականորեն դատապարտում են հունիսի 13-ից Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, եւ ասել են, որ տվյալ պահին նրանց ամենից շատ մտահոգում է Իրանում մարդու իրավունքների առնչությամբ տիրող իրավիճակը եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ու բռնության կիրառումը: Զեկուցողներն ընդգծել են, որ Իրանի ժողովրդի երջանիկ ապագայի, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների ապահովման գործում ակտիվ դեր պետք է խաղան Եվրամիությունը, Եվրոպան:



Բանաձեւի համաձայն, Իրանում հունիսի 12-ից հետո տեղի ունեցող իրադարձություններն ամենանշանակալիցն են 1979 թվականի հեղափոխությունից հետո:



ԵԽԽՎ-ն Իրանի իշխանություններին կոչ է արել ուժ եւ բռնություն չկիրառել խաղաղ ցուցարարների հանդեպ, ազատ արձակել ձերբակալվածներին, այդ թվում նաեւ քաղաքական գործիչներին եւ մտավորականության ներկայացուցիչներին, վերացնել մամուլի ազատության նկատմամբ կիրառվող արգելքները, մասնավորապես, կանխել ընդդիմադիր մամուլի փակումը, դադարեցնել օատերկրյա լրագրողներին պատժելն ու երկրից արտաքսելը:



ԵԽԽՎ-ն Իրանի կառավարությանն առաջարկել է ընտրական գործընթացում խախտումների փաստերի հատաքննման հնարավորություն տալ, կառուցողական երկխոսություն կառուցել երկրի քաղաքական կյանքում, դրական պատասխան տալ ԱՄՆ նոր վարչակազմի նոր մոտեցմանը եւ երկխոսություն կառուցել միջազգային հանրության հետ` փոխադարձ վստահության իրադրության ստեղծման նպատակով: «Իրանը պետք է ընտրի երկխոսության ուղին», - նշվում է բանաձեւի մեջ:



Բացի դրանից, ԵԽԽՎ-ն նաեւ դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներին կոչ է արել ամրապնդել կապերն Իրանի կառավարության հետ եւ խոր դիվանագիտական երկխոսություն հաստատել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---