Հայաստանը պետք է ակտիվ բացատրական աշխատանք տանի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղեկատվական դիմակայության մեջ լուրջ թերությունների եւ մշտական բացատրական աշխատանքի անհրաժեշտության մասին է այսօր մամլո ասուլիսում խոսել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Որպես բացասական օրինակ նա բերել է Հայաստանում հրատարակվող քարտեզները, որոնց վրա նշված չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները: Հավելելով, որ եթե մինչ 2000թ. եվրոպացիները ձեռնպահ էին մնում Հարավային Կովկասի քարտեզների հրատարակումից, ապա այժմ հրատարակում են նշելով Ադրբեջանի խորհրդային սահմանները, Լ.Ալավերդյանը հռետորական հարց է տալիս. «Ի՞նչ կարելի է ակնկալել նրանցից, եթե մենք վախենում ենք «ճիշտ» քարտեզներ տպել»:



Լ.Ալավերդյանը քննադատել է տեղեկատվական աշխատանքի սկզբունքներից մեկը, որը դեռեւս 1990-ականներին հռչակել էր նախկին ղեկավարության գաղափարախոս, ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքականության գծով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, որը հայտարարել է, թե Հայաստանը չպետք է պատասխանի Ադրբեջանի մարտահրավերներին` պատճառաբանելով այդ մոտեցումը նրանով, որ «մեր գործն արդար է եւ պաշտպանության կարիք չունի»: «Նման մոտեցումներով մենք դատապարտված ենք ընթանալ իրադարձությունների ետեւից եւ այլ կերպ, քան պարտվողական այն չես անվանի»,-հայտարարել է Լարիսա Ալավերդյանը:



Նման դիրքորոշումը նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միասնական պետական ծրագրի բացակայության հետեւանք է, ասել է նա:



Նա մեջբերել է ԱԳ նախկին նախարար Օսկանյանի արտահայտություններից մեկն այն մասին, թե միջազգային դիվանագիտության մեջ հին սերունդին փոխարինելու է եկել նոր սերունդը, որը բոլորովին իրազեկված չէ ղարաբաղյան հարցի արմատներին: Ալավերդյանը նշել է, որ հենց միասնական ծրագրի բացակայությունն է ստեծղում այն տեղեկատվական բացը, որն ակտիվորեն լրացնում է ադրբեջանական քարոզչությունը: Եվ դիվանագետների նոր սերունդը, հայկական կողմի պասիվ ու չհամախմբված արձագանքների պայմաններում, առաջին հերթին ընկալում է այն տեղեկատվությունը, որն ակտիվորեն մատուցում է Ադրբեջանը:



«Մեր հասարակության տարբեր կառույցների ամենատարբեր ներկայացուցիչների համար, լինեն դա կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, չափազանց դժվար է կողմնորոշվել տարբեր միջազգային հանդիպումներում, թե ինչ ասել եւ ինչպես: Առանց միասնական չափանիշների եւ մոտեցումների մենք չենք կարողանա հետեւողականորեն եւ միասնական ճակատով պաշտպանել ԼՂՀ շահերը»,-ասել է Լ.Ալավերդյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---