Ամերիկյան դատարանի որոշումը կասկածի տակ է դնում ԱՄՆ 39 նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, իրավաբանական տեսանկյունից անհիմն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ Դատի քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: 2000 թվականին Կալիֆորնիայում օրենք էր ընդունվել, որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են ամերիկայն եւ այլ օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնել` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով: Հենց այդ օրենքն է զոհերի ժառանգներին հնարավորություն տվել հայց ներկայացնել այնպիսի ապահովագրական ընկերությունների դեմ, ինչպիսին են New-York Life-ը (ԱՄՆ), AXA-ն (Ֆրանսիա) եւ երեք գերմանական ընկերությունների դեմ», - նշել է Հայ Դատի ղեկավարը: Նրա խոսքերով, New-York Life-ի եւ AXA-ի եմ գործերի պարագայում հայցվորները ֆինանսական փոխհատուցում էին ստացել, իսկ գերմանական ընկերությունները բողոքարկել էին դատական որոշումը` հայտարարելով, որ Կալիֆորնիա նահանգի այդ օրենքը հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը:



«Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Կալիֆորնիա նահանգի օրենքը չի կարող համապատասխանել Միացյալ Նահանգների Սահմանադրությանը, քանի որ նրանում նշվում են «Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներ» բառերը, իսկ ԱՄՆ-ը պաշտոնապես չի ճանաչել այդ փաստը: Նրանում նաեւ ընդգծվում է, որ Կալիֆորնիա նահանգի տվյալ օրենքը չի կարող սահմանադրական համարվել, քանի որ նրանում խոսվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին, որն իրավասու է իրականացնել միայն Միացյալ Նահանգների Կոնգրեսն ու նախագահը», - պարզաբանել է Կիրո Մանոյանը: Նա ավելացրել է, որ Ամերիկայում գոյություն չունի առանձին նահագներին Հայոց ցեղասպանության ընդունումն արգելող օրենք: Այդպիսով, Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը հարցականի տակ է դնում այն փաստը, որ Ամերիկայի 39 նահանգ արդեն ընդունել է Ցեղասպանության փաստը: «Եթե ամերիկյան դատարանի այդ որոշումը անփոփոխ մնա, ապա այն կարող է թուրքական ուժերի կողմից օգտագործվել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ պաշտոնական Վաշինգտոնի կողմից այդ փաստի ճանաչումը թույլ չտալու նպատակով», - նշել է Հայ Դատի ղեկավարը:



Օգոստոսի 20-ին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---