ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ BirthLink ՀԿ-ը վերասարքավորում են Երեւանի ծննդատները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող նորածին մանուկների խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին:



Երեւանի պետական բժշկական համալսարանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորի եւ Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Քալենթերյանի նախագահությամբ այսօր կայացած մամլո ասուլիսին Հայաստանի բժշկական հանրությանը ներկայացվեց նորածնային մահացության դեպքերի կրճատմանն ուղղված նեոնատալ խնամքի պայմանների բարելավման լայնամասշտաբ ծրագիրը:



Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան:



«Գիտակցելով նորածինների խոցելիությունը եւ պահանջվող խնամքի բարդությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անտարբեր մնալ այս հարցի հանդեպ: Նախագիծը եւս մեկ պարտավորություն է, որ բխում է կորպորատիվ պատասխանատվության մեր գաղափարախոսությունից, քանի որ անտարբեր մնալ մենք չենք կարող»,-հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



BirthLink կազմակերպության հիմնադիր Քեթի Մելորը, իր հերթին նշել է, որ նախագծի հիմնական նպատակը նորածնային մահացության մակարդակի նվազեցումն է, սակայն այս նախագծի իրականացումն անհնար կլիներ առանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության եւ ֆինանսավորման:



Հաշվի առնելով, որ Հայաստանում մանուկների 40 տոկոսը ծնվում է Երեւանում, այս նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի տաս ծննդատներում, ինչպես նաեւ` նորածնային բաժանմունք ունեցող մանկական հիվանդանոցում: Այս հաստատություններին մասնավորապես տրամադրվել է թվով 101 սարքավորում` ինկուբատորներ, շնչառության ապահովման համակարգեր, մոնիտորներ եւ այլն:



Աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Այս դեպքերի 98 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին. դրանց 65 տոկոսը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, եւ դրա կեսից ավելին էլ` առաջին 24 ժամվա ընթացքում, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---