ՀՀ ԱԺ նիստում «Ժառանգությունը» կրկին քննադատել է հայ-թուրքական Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան ԱԺ նիստում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչներ` Ստեփան Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդես եկան հայտարարությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եւ քննադատեցին ներկա գործընթացի ընթացքը, մասնավորապես` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախապես ստորագրված Արձանագրությունները:



«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այդ Արձանագրությունների ստորագրությամբ Հայաստանը ընդունում է թուրքական կողմի նախապայմանները, քանի որ Հայաստանին ստիպում են ճանաչել Թուրքաիայի սահմանները ոչ թե միջազգային սկզբունքների հիման վրա, այլ ընդունում են թուրք-բոլշեւիկյան դավադրական պայմանագրերը: Սաֆարյանը նաեւ նշեց, որ համաձայն արձանագրությունների ՀՀ-ն տարածաշրջանային հակամարտությունների դեպքում ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Անըդունելի է նաեւ միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը պատմական հարցերի քննարկման համար, ինչը կծառայի թուրքական ռազմավարությանը, այն է` հետաձգել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»,-ընդգծեց Սաֆարյանը:



Սաֆարյանը նաեւ «Ժառանգության» անունից պահանջում էր Արձանագրությունները դնել համապետական հանրաքվեի, զուգահեռ ներառելով դրա մեջ ՀՀ նախագահին վստահության քվեի հարցը:



Այդ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նույնպես խոսում էր հայ-թուրքական արձանագրությունների մասին եւ առաջարկեց ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին հանդես գալ միասնական հայտարարությամբ, որ ստորագրված Արձանագրությունները պետք է ենթարկվեն արմատական փոփոխությունների:



Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ արձանագրություններից պետք է հանվեն բոլոր այն կետերը, որոնք նշեց Սաֆարյանը:



«Ժառանգության» ղեկավարության նախագահ`պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը սատարեց իր կուսակիցներին եւ ընդգծեց, որ չնայաց իրենց կուսակցության վրա իշխանությունների կողմից ճնշում գործադրելուն, «Ժառանգությունը» հետեւողական կլինի Հայաստանի ազգային բոլոր հարցերում` սկսած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից եւ վերջացրած 2008 թ-ի մարտի 1 իրադարձությունների իրական մեղավորների անունների բացահայտմամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---