Երեւանում բացվել է «Ուրարտուն եւ նրա հարեւանները» միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում բացվել է «Ուրարտուն եւ նրա հարեւանները» միջազգային գիտաժողովը` նվիրված հայտնի ուրարտագետ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Հին Արեւելքի բաժնի վարիչ, պրոֆեսոր Նիկոլայ Հարությունյանի 90-ամյակին:



Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Հարությունյանի գործընկերները, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը հայտնի գիտնականին հանձնեց ՀՀ կրթության ու գիտության նախարարության ոսկե մեդալը:



«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ ՀՀ կրթության ու գիտության նախարարության բարձրագույն պարգեւը: Կառավարության աջակցության շնորհիվ է, որ իմ աշխատությունները շարունակում են հասանելի լինել գիտական շրջանակների համար: Կարծում եմ, կարեւոր է պահպանել եւ զարգացնել ուրարտագիտության այն մակարդակը, որը հիմնադրվեց խորհրդային տարիներին»,-ասել է Մ.Հարությունյանը:



Երկօրյա գիտաժողովում, որին մասնակցում են բազմաթիվ մասնագետներ արտերկրից, զեկույցներ կներկայացնեն Ստեֆան Քրոլլը (Մյունխենի համալսարան Գերմանիա), Մայքլ Ռոաֆը (Մյունխենի համալսարան Գերմանիա), Գերնոտ Վիլհելմը (Վյուրցբերգի համալսարան, Գերմանիա), Ջոն Գրեպպինը, Միրջո Սալվինին (Իտալիա), Դեւիդ Սթրոնախը (Կալիֆորնիայի համալսարան, ԱՄՆ), Ռոկի դե Ռիվան (Բարսելոնի համալսարան, Իսպանիա), ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ արեւելագետներ ու ուրարտագետներ:



Նիկոլայ Հարությունյանը ծնվել է 1920թ. Գյանջայում: 1942թ. ավատել է ԵՊՀ բանասիրական բաժինը: Բանասիրական գիտությունների թեկնածու է (1951թ.), բանասիրական գիտությունների դոկտոր է, ներկայումս ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Հին Արեւելքի բաժնի վարիչն է: Հրատարակվել են Ն. Հարությունյանի շուրջ 20 աշխատություններ:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---