30 սեպտեմբերի 2009 - 23:59 AMT
Հայ հանրությունը պետք է ավելի շատ իրազեկվի հայ-թուրքական հարաբերությունների մասին
«Այնպիսի տպավորություն է, որ, որքան էլ մենք փորձենք իրազեկել մեր հանրությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, այնուամենայնիվ, այստեղ մենք դեռեւս շատ անելիք ունենք»,-ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր ՀՀ նախագահի հանդիպմանը Հայաստանի հանրային խորհրդի անդամների հետ:

Ըստ Սաֆրաստյանի, շատ քաղաքացիներ լիարժեք տեղեկատվություն չունեն եւ այդ հարցի մասնագտների հետ կենդանի շփման կարիք ունեն: «Այս շաբաթների ընթացքում մենք չկարողացանք այնպես օգտագործել տեղեկատվական դաշտը, որ մեր հանրությունը լիարժեք տեղեկություններ ստանար ՀՀ արտաքին քաղաքականության մասին, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է թուրքագետը:

Սաֆրաստյանը նաեւ կարեւորել է ՀՀ նախագահի համահայկական ուղեւորությունը եւ նշել է, որ այժմ շատ կարեւոր է խոսել Սփյուռքի հետ այդ հարցի շուրջ, քանի որ նրանց գոյության հիմքում կորուսյալ հայրենիքի գաղափարն է եւ պատմական արդարության վերականգնումը Հայոց ցեղաասպանության ճանաչման ճանապարհով: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որոշ չափով կարող է վնասել սփյուռքահայերի ինքնության պահպանմանը»,-պարզաբանել է Սաֆրաստյանը:

Նա նաեւ հավելել է, որ նման հանդիպումները սփյուռքում հարկավոր է որքան հնարավոր է հաճախ անցկացնել եւ այնպես անել, որ Սփյուռքը ներգրավվի Հայաստանում քաղաքական որոշումների ընդունման գործընթացում: