ԱԷԿ-ի աշխատանքների անվտանգության ապահովման համար Հայաստանը շուրջ 90 մլն դոլար է ներդրել

PanARMENIAN.Net - ԱԷԿ-ի աշխատանքների անվտանգության ապահովման համար Հայաստանը ներդրել է շուրջ 90 մլն դոլար, ասել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` ելույթ ունենալով «Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության խնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ, որն անցնում է Երեւանում «EXPO-RUSSIA 2009 Armenia» ամենամյա երկրորդ ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: «Ամեն տարի հսկայական քանակությամբ միջոցառումներ են անցկացվում կայանի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման համար եւ արդեն շուրջ 90 մլն դոլար է ներդրվել նրա անվտանգության ապահովման համար»,-ասել է նա:



Այս համատեքստում Գալստյանը հավելել է, որ այդ գործընթացը շարունակվում է եւ որպես դոնոր հանդես են գալիս բազմաթիվ երկրներ` ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, այդ թվում Իտալիան, Չեխիան, Ֆրանսիան, Անգլիան, ինչպես նաեւ ՌԴ-ն: «Այս տարի Ռուսաստանը ՄԱԳԱՏԷ-ի գծով 240 մլն ռուբլի է հատկացրել: Աշխատանքներն արդեն սկսվել են կոնկրետ նախագծերի ուղղությամբ, դրանց իրագործմանը մասնակցում են բազմաթիվ ռուսական ընկերություններ»,-ասել է փոխնախարարը:



Այդ աշխատանքների կազմակերպման համար օգնություն է ցուցաբերում նաեւ ՄԱԳԱՏԷ-ն, ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքի ապահովման միջոցառումների մի մասը ֆինանսավորվում է նաեւ պետության միջոցներից:



Բացի այդ, Գալստյանը նշել է, որ աշխատանքներ են ընթանում ԱԷԿ-ի հին բլոկը շահագործումից հանելու ուղղությամբ: «Հին բլոկը շահագործումից հանելու եւ նոր էներգաբլոկի գործարկման աշխատանքները, հավանաբար, միաժամանակ կտարվեն»,-ասել է նա:



Հայաստանը մտադիր է ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել: ՀՀ ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 27-ի նիստում երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեցին «Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը նախատեսում է 1,2 հազար ՄՎտ հզորության նոր ատոմային էներգաբլոկի կառուցում, որի շահագործման ժամկետը կլինի 60 տարի: Ըստ նախնական հաշվարկների, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար շուրջ 4-5 մլրդ դոլար կպահանջվի:



Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամորում (Երեւանից դեպի հարավ-արեւմուտք մոտ 30կմ հեռավորության վրա): Կայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին, ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ: Ըստ մասնագետների գնահատականների, ՀԱԷԿ-ը կկարողանա գործել մինչեւ 2016թ.:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---