Հայաստանի խորհրդարանում ԵՄ-ից խորհրդատու կհայտնվի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հացերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեի եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենին:



Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթ»-ի մեկնարկային համաժողովին եւ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցեր:



Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրեց Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծման մեկնարկային համաժողովի աշխատանքները: Նրա կարծիքով` ակտիվ է զարգանում Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանը կարեւորեց ԵՄ-ին տարածաշրջանի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման գործում Արեւելյան գործընկերության նշանակությունը: Նա գտնում է, որ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը նոր բաժանարար գծեր չպետք է ստեղծի, այլ պետք է փորձի տարածաշրջանում նպաստել համագործակցությանը եւ զարգացմանը` քննարկելով ընդհանուր խնդիրներ, որոնք պարունակում են ընդհանուր շահ: Նրա գնահատմամբ` խորհրդարանական ձեւաչափը կդատապարտվի անհաջողության, եթե փորձ արվի այդ ձեւաչափ բերել տարածաշրջանային կոնֆլիկտներ: Հայաստանի համար կարեւոր է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանական փորձը, որը, տիկին Զոհրաբյանի համոզմամբ, պիտի դառնա «Եվրանեսթ»-ի առանցքային բովանդակային բաղադրիչներից մեկը:



ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ափսոսանք է հայտնել, որ հարեւան Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այդ հարցում` հայտարարելով, թե չի պատրաստվում Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցել Հայաստանի հետ: Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով տապալվել է Ընդհանուր սահմանների կառավարման եւ բարեփոխման կոմիտեի աշխատանքները` տարածաշրջանային ընդհանուր ձեւաչափից այն վերածելով Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան երկկողմ ձեւաչափի` կորցնելով իր հիմնական նշանակությունը, այն է` խթանել տարածաշրջանում համագործակցությունը: Ադրբեջանի ներկայացուցիչը Ստոկհոլմում եւս ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել` պահանջելով «Եվրանեսթ»-ում քննարկել տարածաշրջանային կոնֆլիկտներ, մասնավորապես ԼՂ հիմնախնդիրը: Տիկին Զոհրաբյանն արձանագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվում է Մինսկի խումբը եւ հայկական կողմի համար ընդունելի չէ հարցը այլ ձեւաչափ տեղափոխելը:



«Մենք բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար, կողմ ենք ընդհանուր խնդիրներ գտնելուն եւ կտրականապես դեմ ենք այնպիսի հարցերի, որոնք տարածաշրջանում կարող են ստեղծել նոր բաժանարար գծեր»,- փաստեց տիկին Զոհրաբյանը` այս առումով կարեւորելով խորհրդարանների դերը, որովհետեւ խորհրդարանները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Արեւելյան գործընկերության ձեւաչափով հաստատված պլատֆորմների առաջ մղման գործում: Նա հուսով է, որ «Եվրանեսթը» լուրջ խթան կհանդիսանա ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման հարցում:



Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակման խնդրին` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց, որ թեեւ ուշացումով, բայց ՀՀ ԱԺ-ն եւս կունենա ԵՄ խորհրդատու, քանի որ եվրոպական ինտեգրման կարեւոր խնդիրներից է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին: Նա գտնում է, որ այս հարցում խորհրդատուի դերակատարությունը եւ օժանդակությունը մեծ է լինելու: Տիկին Զոհրաբյանը վստահ է նաեւ, որ արդյունավետ է լինելու խորհրդատուի աշխատանքը թե՛ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի, թե խորհրդարանի հետ համագործակցության տեսանկյունից:



ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենը, շնորհակալություն հայտնելով տիկին Զոհրաբյանին Եվրանեսթի աշխատանքները մանրամասն ներկայացնելու համար, անդրադարձան ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցերի: Նրանք տեղեկացրին, որ նշանակված երկու խորհրդատուները ունեն խորհրդարանական բազմամյա փորձ: ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն տեղեկացրեց, որ USAD-ին եւս խորհրդատու կտրամադրի խորհրդարանին, իբրեւ դոնոր կազմակերպություններ նա մատնանշեց ԵԱՀԿ-ն եւ JTZ-ը, որոնք եւս մտադրություն ունեն աջակցություն ցուցաբերել այս հարցում: Նա կարեւորեց երեք կառույցների աշխատանքի համակարգումը` կրկնողություններից խուսափելու համար:



ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ համոզված է` ԵՄ խորհրդատուի ներկայությունը կնպաստի հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---