2010 թվականից ՀՀ-ում կգործեն 3 համատեղ հայ-ֆրանսիական հետազոտական լաբորատորիաներ

PanARMENIAN.Net - «Մենք համագործակցում ենք տարբեր երկրների ակադեմիաների հետ: 2010թ. հունվարից Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությամբ կգործի 3 համատեղ հայ-ֆրանսիական հետազոտական լաբորատորիա ֆիզիկայի, երկրաբանության եւ հնագիտության ոլորտներում: Իսկ երկկողմ համագործակցության շրջանակներում հայկական 10 նախագիծ շուրջ 70 հազար եվրոյի դրամաշնորհ է ստացել Քաղաքացիական հետազոտությունների ֆրանսիական կենտրոնից»,-նոյեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:



Նրա խոսքերով, ԳԱԱ ֆինանսավորումը կատարվում է պետության կողմից եւ կազմում է 8 մլրդ դրամ, դա ծախսային բյուջեի 1 տոկոսից եւ ՀՆԱ-ի 0,2 տոկոսից էլ քիչ է: Իսկ ամբողջ աշխարհում կրթության համար նախատեսված ծախսերը գնահատվում են ոչ թե բյուջեով, այլ ՀՆԱ-ի տոկոսներով:



«Հայաստանում յուրաքանչյուր հետազոտողին ընկնում է 3 հազար եվրո, դա եւ աշխատավարձն է, եւ հետազոտության համար անհրաժեշտ ծախսերը եւ այլն, այն դեպքում, երբ նմանատիպ հետազոտությունները եվրոպական երկրներում կազմում են 130 հազար եվրո»,-ասել է Ռ.Մարտիրոսյանը:



Նրա խոսքերով, գիտության զարգացման ռազմավարությունը, ինչպես նաեւ նմանատիպ այլ փաստաթղթերը, մեծամասամբ հայտարարության բնույթ են կրում: «Ըստ այդ ռազմավարության, մինչեւ 2020թ. մենք պետք է ունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան գիտահետազոտական համակարգ: Ինչը նշանակում է, որ ակադեմիայի բյուջեն պետք է լինի ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 2 տոկոսը, այնսինքն ավելանա 10 անգամ: Մենք սկսում ենք հուսալ, որ քաղաքական-տնտեսական վիճակը եւ հարաբերությունները հարեւանների հետ հող կստեղծեն գիտության զարգացման համար»,-ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---