Իրանը փորձարկել է միջուկային մարտական գլխիկների ստեղծման տեխնոլոգիան

PanARMENIAN.Net - Իրանը փորձարկել է երկաստիճան ջերմամիջուկային հակազդեցության տեխնոլոգիան, որի օգնությամբ կարելի է ստեղծել միջուկային մարտական գլխիկներ: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկուցմանը: Բրիտանական թերթը գրում է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի իշխանություններին հարցում է ուղարկել իրականացվող փորձարկումների մանրամասները պարզաբանելու նպատակով:



Իրանի փորձարկումների մասին տեղեկությունները հատված է «Իրանի միջուկային ծրագրի ռազմական օգտագործման հնարավոր ճյուղերը» վերնագրով զեկուցումից, որը կազմել է տեղեկատվական կազմակերպությունը` տվյալներ ձեռք բերելով աշխարհի մի շարք երկրների հետախուզական ծառայություններից: The Guardian-ը նշում է նաեւ, որ իրանցի գիտնականների մշակած երկաստիճան ջերմամիջուկային հակազդեցության տեխնոլոգիան լուրջ ճեղքում է գիտության մեջ: Բացառված չէ, որ Թեհրանը տեղեկատվություն է ստացել միջուկային տեխնոլոգիաների «սեւ շուկայում», որը ստեղծել է Պակիստանի միջուկային ռումբի «հայր» Աբդուլ Քադիր Խանը:



Բարձր մակարդակներում կասկածներ են տարածվել այն մասին, որ երկաստիճան լիցքի տեխնոլոգիան իրանցի գիտնականների հայտնագործությունը չէ: Բանն այն է, որ երկաստիճան ներպայթունի կամ ներքին կրկնակի պայթման տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս բարձրացնելու ուրանի կամ պլուտոնի ծանր միջուկների օգտագործման ցուցանիշը, համարվում է միջուկային զենքով զբաղվող արեւմտյան գիտնականների վերջին հայտնագործությունը: Այդպիսի տեխնոլոգիաների առքուվաճառքն արգելված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով: Արեւմուտքի զգուշավորությունը Իրանի փորձարկումների կապակցությամբ պայմանավորված է նաեւ այն բանով, որ մինչ օրս Թեհրանը չի ստորագրել ուրանի հարստացման ծրագրին վերաբերող համաձայնությունը: Հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից կազմված պայմանագրի համաձայն, Իրանին առաջարկվում է ցածրհարստացված ուրանի իր պաշարների 75 տոկոսը ուղարկել Ռուսաստան` հետագա հարստացման համար: Այնուհետեւ հարստացված ուրանը հանձնվելու է Ֆրանսիային, որտեղ դրանից միջուկային հրթիռների համար պատրաստվելու են վառելիքի մետաղյա առանցքներ, որից հետո դրանք կրկին վերադարձվելու են Իրանին: Սակայն Թեհրանում զգուշանում են, որ ուրանի զգալի պաշարների միաժամանակյա դուրս հանումը զգալի վնաս կհասցնի երկրի անվտանգությանը: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 29-ին Իրանը հայտարարեց, որ հարկադրված է շարունակել ՄԱԳԱՏԷ-ի համաձայնության առանձին կետերի քննարկումը` դրանով իսկ հետաձգելով համաձայնագրի ստորագրումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---