Վրաստանում կնշեն Կոմիտասի 140-ամյակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Վրաստանում կնշվի Կոմիտասի 140-ամյակը: Միջոցառումը տեղի կունենա Վրաստանի «Կովկասյան տուն» մշակութային կապեր կենտրոնում` Վրաստանում ՀՀ դեսպանատան եւ հայկական եկեղեցու աջակցությամբ:



Հոբելյանական երեկոյի ծրագրում ընդգրկվել են կոմպոզիտորի ստեղծագործություններն ու որոշ պատմական տեղեկություններ Կոմիտասի դարաշրջանի մասին:



Երեկոյի շրջանակներում կներկայացվեն նաեւ Նինո Փիրխելաիշվիլու աշխատանքները Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի մոտիվներով, հաղորդում է «GHN»:



Կոմիտասը (Սողոմոն Սողոմանյան) (1869-1935)-հայ կոմպոզիտոր է, երաժիշտ-ազգագրագետ, երաժշտության տեսաբան, խմբավար, մանկավարժ: Նա հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: 1881-83թթ. ուսանել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, մասնագիտանալով հայ եկեղեցական երաժշտության ուսումնասիրման ոլորտում, հավաքել է գյուղական բանահյուսության նմուշներ Հայաստանի տարբեր ազգային շրջաններում: 1895թ. ստացել է վարդապետի կոչում` ընդունելով Կոմիտաս անունը: 1896-ին կոմպոզիցիա եւ երաժշտության տեսություն է ուսումնասիրել Բեռլինում (Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում եւ Ֆրիդրիֆ Վիլհելմի համալսարանում): Լինելով ականավոր կոմպոզիտոր, Կոմիտասն իր ստեղծագործությամբ հայ ազգային երաժշտությունն ընդգրկեց համաեվրոպական զարգացման ուղու մեջ` այդպիսով անգնահատելի ավանդ ունենալով համաշխարհային երաժշտական բանահյուսության եւ արեւելայն քրիստոնեական երաժշտարվեստի մեջ: Նրա երաժշտական ու տեսական աշխատությունները զգալի ազդեցություն ունեցան արեւելայն այլ ժողովրդների երաժշտական մշակույթի զարգացման վրա: 1915թ. ապրիլի 24-ին, հայ մտավորականության այլ ականավոր դեմքերի հետ, Կոմիտասը եւս ձերբակալվեց եւ աքսորվեց Չանգեր կոչվող վայրը: Աքսորի ճանապարհին Կոմիտասը դարձավ իր ժողովրդի ողբերգության ականատեսը եւ կորցրեց հոգեկան հավասարակշռությունը: Կյանքի մնացած մասը նա անցկացրեց Կոնստանդինոպոլսի ռազմական հոսպիտալում, այնուհետեւ 1919-1935թթ. Փարիզի հոգեբուժական հաստատություններում: 1936թ. նրա աճյունը տեղափոխվեց Երեւան եւ հուղարկավորվեց գիտության եւ արվեստի գործիչների պանթեոնում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---