Ալմաստի վերամշակման «Լորի» գործարանի արտադրական ծավալները 2009թ. կրճատվել են 10-15 տոկոսով

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ալմաստի վերամշակման «Լորի» ՍՊԸ-ի արտադրական ծավալները 2009թ. կրճատվել են 10-15տոկոսով 2008թ. համեմատությամբ, լրագրողներին է ասել «Լորի» ՍՊԸ-ի տնօրեն Իսահակ Աղաջանյանը: Ըստ նրա, գործարանի արտադրության տարեկան ծավալը կազմում է շուրջ 30-35 մլրդ դոլար: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է տալ շուրջ 40-42 մլրդ դոլարի արտադրանք:



«Անշուշտ, ճգնաժամն ազդեց արտադրության ծավալների վրա, սակայն դրանց ավելացման միտում կա»,-ասել է Աղաջանյանը: Նա պարզաբանել է, որ ճգնաժամն անդրադարձել է նաեւ ընկերության գործունեության վրա, քանի որ արտադրության 90 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, իսկ մնացած 10 տոկոսը` հիմնականում Եվրոպայի երկրներ: Ընդ որում, նա հավելել է, որ արտադրության ծավալների ավելացման միտումը կապված է ճգնաժամից դուրս գալու հետ:



Այսօր «Լորի» ՍՊԸ է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նա ծանոթացել է նրա գործունեությանը, շրջայց կատարել արտադրամասերում:



«Լորի» ՍՊԸ-ն ստեղծվել է 1992թ. եւ աշխատում է մինչ օրս: Ընկերության բաժնետերերն են Շահե Ասլանյանն ու Վարդգես Մինասյանը: Բաժնետոմսերի 12 տոկոսը պատկանում է Franck Muller ընկերությանը:



Ամսեկան գործարանը մշակում է 5-6 հազար կարատ ալմաստ եւ տարեկան կտրվածքով կարատների ընդհանուր ծավալը կազմում է 50 հազար:



Ձեռնարկության տնօրենն ընդգծել է նաեւ, որ «Լորին» ալմաստների վերամշակման առաջատար է եւ երկրի նախագահի այցը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Նա նաեւ ընդգծել է, որ ընկերությունը հենց այն արտադրողն է, որ արտահանում է իր ապրանքը` արտերկրի իր գործընկերներին, որտեղ նրանց կենտրոնական գրասենյակները զբաղվում են իրացմամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---