7 դեկտեմբերի 2009 - 19:15 AMT
Հայաստանում գրիպի համաճարակի կանխման նպատակով դեկտեմբերի 8-19 կփակվեն դպրոցներն ու մանկապարտեզները
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների փակման մասին: Փաստաթուղթը ստորագրելիս Աշոտյանը հիմք է ընդունել Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկը:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ կփակվեն բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները` անկախ կազմակերպաիրավական ձեւից:

Օրերս Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը գրիպի համաճարակը կանխելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները փակելու մասին առաջարկով դիմեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: