Երեւանում քննարկել են 2010 թ-ի Սեւանա լճի խնդիրների լուծման ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնկացել է նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:



Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Հանձնաժողովի 2009թ. գործունեության արդյունքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է 2010թ. աշխատանքային ծրագրի նախագիծը:



Համաձայն Հանձնաժողովի Նախագահի զեկույցի, 2009թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր 16 միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են: Հանձնաժողովը ուսումնասիրությունների եւ հանգամանալի քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ջրի պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի ջրերի մաքրության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:



Հանձնաժողովը համապատասխան գերատեսչությունների հետ միասին մեծ աշխատանք է կատարել Սեւանա լճի մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ: Մասնավորապես` կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները, Սեւանա լճի բնապահպանական ծրագրերի շրջանակում սկսվել են Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերականգնման աշխատանքները, ընթացքի մեջ են Սեւան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Լճաշենի ջրածածկող հատվածի շինարարական աշխատանքները: Որոշակի աշխատանք է կատարվել նաեւ Սեւանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաեւ կասեցվել է Արարատի ոսկու կորզիչ գործարանը Սեւանի ավազանի Սոտքի տեղամաս տեղափոխելու գործընթացը:



Նիստում քննարկվել են նաեւ հանձնաժողովի 2010թ. աշխատանքային ծրագրի գերակայությունները: Նշվել է, որ աշխատանքային ծրագրում հիմնական շեշտը դրվել է լճի մակարդակի բարձրացման, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի մաքրության, էկոհամակարգի պահպանության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդրիների վրա:



Նիստի ընթացքում ընդգծվել է նաեւ մոնիտորինգային աշխատանքների կարեւորությունը` Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման եւ օգտագործման հիմնախնդիրների համալիր լուծումն առավել արդյունավետ դարձնելու առումով:
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---