Վախճանվել է Գեորգի Գարանյանը

PanARMENIAN.Net -
Կյանքի 76-րդ տարում վախճանվել է հայտնի երաժիշտ եւ ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանը: Ինչպես պատմել է սաքսոֆոնահարի այրի Նելլի Զակիրովան, հունվարի 11-ին առավոտյան ժամը 11-ին կանգ է առել Գարանյանի սիրտը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



Ողբերգությունը տեղի է ունեցել Կրասնոդարում, ուր երաժիշտն ժամանել էր հյուրախաղերի իր նվագախմբի հետ: Ինչպես հստակեցրել է նրա այրին, Գ.Գարանյանը պետք է ելույթներ ունենար հունվարի 15-ին եւ 16-ին հանրաճանաչ մաեստրո Միշել Լեգրանի հետ:



Գեորգի Գարանյան

Գեորգի Գարանյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, միջազգային ջազային փառատոների դափնեկիր: Նա ճանաչման էր հասել նաեւ որպես Օլեգ Լունդստրեմի անվան Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր:

Գերոգի Գարանյանը ներկայացնում է ռուսական ջազի հետպատերազմյան առաջին սերունդը: 1958թ. Գարանյանի սաքսոֆոնը հնչեց Օ.Լունդստրեմի նվագախմբում, իսկ հետո, 1966թ.` Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում, որի ղեկավարն է Վադիմ Լյուդվիկովսկին: 1960-ականների կեսին ժամանակակից ոճով ջազային պիեսները, որ հնչում էին Համամիութենական ռադիոյով, լայն ճանաչում բերեցին Գարանյանին եւ նրա հետ հանդես եկող երաժիշտներին:

1973թ. Պետհեռուստառադիոյի նախկին նվագախմբի բազմաթիվ երաժիշտների հրավիրեցին աշխատանքի ձայնագրման «Մելոդիա» ֆիրմա: Գ.Գարանյանը դարձավ նույնանուն նվագախմբի ղեկավարը: Այն ժամանակ էլ ծնվեց այն աստեղային կազմը, որ նույն փայլով նվագակցում էր երգիչներին, ձայնագրում էր պարային երաժշտություն եւ ջազային կոմպոզիցիաներ` սվինգից մինչեւ ջազ-ռոք: «Մելոդիան» հնչում էր նաեւ կինոյում, քանի որ, ինքը` ռուսական ջազի վարպետը, երաժշտություն է գրել շուրջ 40 ֆիլմերի համար, այդ թվում նաեւ հանրահայտ «Պոկրովի դարպասները» ֆիլմի համար:

Աշխարհի լավագույն դիրիժորներից մեկի` Գենադի Ռոժդենստվենսկու հրավերով, «Մելոդիա» նվագախումբն ու Գեորգի Գարանյանը (որպես մենակատար-իմպրովիզատոր) մասնակցել են Ալֆրեդ Շնիտկեի առաջին սիմֆոնիայի պրեմիերային:

1991թ. Գարանյանն իրականացրեց իր վաղեմի երազանքը եւ ստեղծեց Մոսկվայի բիգ-բենդը, որտեղ հրավիրվեցին երկրի ամենամեծ ջազմեններն ու պրոֆեսիոնալները: Մասնագետներն ու շարքային հանդիսատեսները բազմիցս են նշել այդ նվագախմբի եզակի հնչողությունը, նրա ղեկավարությամբ արված հիանալի հնչունավորումը:

Սակայն, ինչպես խոստովանել է ինքը Գարանյանը, նա իր ամենամեծ նվաճումն էր համարում հնչունավորման դասագիրքը: Երկրի բոլոր ուսումնական հաստատություններում այդ դասագրքով սովորում են ոչ միայն ուսանողները, այլ նաեւ դասավանդողները: Ասում են, որ դասագիրքն այնպես է գրված, որ նույնիսկ երաժշիտ չլինելով, կարելի է հասկանալ, թե ինչպես նվագել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---