Երեւանում կբացվի նկարիչ-գրաֆիկ Արա Բաղդասարյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի Նկարիչների միության շենքում տեղի կունենա նկարիչ-գրաֆիկ, գրքարվեստի վաստակաշատ գործիչ, «Զանգակ-97» հրատարակչության գեղարվեստական խմբագիր Արա Բաղդասարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպվում է նկարչի 70-ամյակի առթիվ:



Արա Բաղդասարյանի նշանակալից ավանդը հայ գրքարվեստի եւ հաստոցային գրաֆիկայի զարգացման գործընթացում կարեւորել են մի շարք հայտնի արվեստագետներ: Արա Բաղդասարյանի նկարչական նուրբ ճաշակը, ոճավորելու մեծ շնորհքն ու վարպետությունն ակնառու են արդեն իսկ այն գործերում, որոնք ստեղծվել են դեռեւս նրա ստեղծագործական կյանքի արշալույսին, երբ ապագա նկարիչը նոր էր ընդունվել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան (1958 թ.): Ինչպես եւ այլ մեծերի կյանքում` Արա Բաղդասարյանի համար նկարչական տաղանդի առարկայացման եւ դրսեւորման ճանապարհի ուղենիշները կրթությունն ու աշխատասիրությունը դարձան: Նա կրթությունը շարունակեց Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1964-1966 թթ.) եւ Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտում (1966-1971 թթ.): Բազմազան է նաեւ նկարչի ստեղծագործական կյանքի աշխարհագրությունը` Ծայրագույն հյուսիսից (ք. Վորկուտա, Ռուսաստան) մինչեւ Միջին Ասիա (ք. Տաշքենդ, Ուզբեկստան):



1978 թվականից Արա Բաղդասարյանը վերադարձել է Երեւան եւ ստեղծագործական աշխատանքը շարունակել հայրենիքում: Նկարիչների միության անդամ է (1979 թ.), Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս (1982թ.), պրոֆեսոր (1995թ.), որտեղ այժմ ղեկավարում է գրաֆիկայի ամբիոնը եւ իրականացնում բեղմնավոր կրթական-մանկավարժական գործունեություն:



Արա Բաղդասարյանի ստեղծագործական ժառանգությունը խիստ հարուստ է ու բազմազան` գրաֆիկական շարքեր, գեղանկարչական գործեր, ավելի քան 1000 անուն գրքերի եւ հրատարակչական այլ արտադրանքի ձեւավորում ու նկարազարդում: Նկարչի ստեղծագործական կյանքի ներկայիս փուլն ընթանում է «Զանգակ-97» հրատարակչության հարկի տակ, ուր նա համադրում է հրատարակչության գեղարվեստական խմբագրի գործառույթներն ու տառաստեղծման ուղղությամբ գործունեությունը` գրքարվեստի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացման եւ ծավալուն մենագրությունների հեղինակման հետ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---