Ռուս ուղղափառ եկեղեցին չի միջամտում ղարաբաղյան հակամարտությանը

PanARMENIAN.Net - «Մոսկվայի պատրիարքը հնարավոր չի համար գնահատական տալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին եւ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման օգտին: Ռուս ուղղափառ եկեղեցին (ՈՈՒԵ) միշտ ցավով է ընկալել ղարաբաղյան հակամարտությունը եւ ջանքեր է գործադրել Ադրբեջանի մահմեդականների ու Հայաստանի քրիստոնյաների հետ համատեղ քաղաքական գործիչներին խաղաղ կարգավորման ուղիներ առաջարակելու համար»,-հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, աբեղա Ֆիլիպը (Ռյաբիխ): Ըստ նրա, հակամարտության վերջնական լուծումը գտնվում է քաղաքական առաջնորդների իրավասության մեջ, նրանց ուղղակի խնդիրն է գտնել Անդրկովկասի ժողովրդների կյանքի զարգացման խաղաղ լուծումը:



«Ռուս ուղղափառ եկեղեցին երեբք չի փորձել ստանձնել այդ խնդիրների լուծումն ու միջամտել այդ քաղաքական հակամարտությանը: Սակայն մենք միշտ հասկացել ենք, որ այդ հակամարտության հիմնական զոհերը հասարակ մարդիկ են` ռուսներ, ադրբեջանցիներ, հայեր, իսկ ողբերգության հիմնական դաշտը Լեռնային Ղարաբաղն է»,-ասել է աբեղան: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացումից հետո, Մոսկվան սկսեց հարցումներ ստանալ տեղի ռուսալեզու բնակչությունից` նրանց եկեղեցական կյանքը կարգավորելու խնդրանքով:



Նա նաեւ ասել է, որ այսօր Ռուս ուղղափառ եկեղեցու հովանավորությանը ձգտող համայնքւ շուրջ 600 հոգի է կազմում: Ըստ նրա, անկախ միջազգային մակարդակով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անորոշությունից, ՌՈՒԵ-ին արձագանքեց ուղղափառների կարիքներին եւ 2009թ. ամռանը Ստեփանակերտում գրանցվեց Մոսկովյան պատրիարքության թեմը, ինչպես նաեւ հողատարածք տրամադրվեց եկեղեցու կառուցման համար: Ընդ որում, եկեղեցականը նշեց, որ այդ թեմի գրանցումը ձգձգվում էր, սակայն իրականացվեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջնորդությամբ:



«Հենց դա ես ի նկատի ունեի, ասելով, որ Հայաստանում կա Ռուսաց եկեղեցու երեք թեմ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի թեմը: Մենք մեր թեմերում առաջին հերթին հաշվի ենք առնում ոչ թե պետական սահմաններն, այլ Եկեղեցիների պատասխանատվության սահմանները այս կամ այն տարածքում բնակվող քրիստոնյա բնակչության համար»,-ասել է աբեղա Ֆիլիպը: Նա ընդգծել է, որ թեմի բացումը Լեռնային Ղարաբաղում «Ռուսաց եկեղեցին մշտապես դիտարկել է ոչ թե որպես որեւէ մեկի կողմը բռնելու միջոց, այլ, հակառակը, որպես խաղաղությանը նպաստող գործոն»: «Մենք հուսով ենք, որ այս թեմի կյանքը կնպաստի նրան, որ հայերը, ադրբեջանցիներն ու ռուսալեզու մարդիկ կարողանան խաղաղ ապրել այս տարածաշրջանում»,-ասել է աբեղա Ֆիլիպը:



Ըստ նրա, Ռուսաց եկեղեցում հավատում են, որ նրա ներկայությունը Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում կնպաստի խաղաղ կարգավորմանն այդ տարածաշրջանում: «Միայն այդպես ենք մենք դիտարկում Ռուսաց լեզվի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է աբեղա Ֆիլիպը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ռելիգիան»-ն:



Ռուս ուղղափառ եկեղեցին (Մոսկվայի պատրիարքություն) վարչականորեն անկախ տեղական ուղղափառ եկեղեցի է, որը հինգերորդն է ավտոկեֆալ տեղական եկեղեցիների ցանկում:



ՌՈՒԵ-ն դիտարկում է իրեն որպես կանոնապես լեգիտիմ միակ ուղղափառ վարչականորեն անկախ եկեղեցին Խորհրդային Միության տարածքում, ներառյալ Վրաստանը, եւ միայն իրեն է համարում Տեղական Ռուս ուղղափառ եկեղեցու, Ռուս ուղղափառ եկեղեցու եւ Կոնստանդինոպոլսի պատրիարքարանի մաս կազմող Կիեւի միտրոպոլիայի օրինական հետնորդը: Նրա խոշորագույն կրոնական միավորումները գտնվում են ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում: ՌԴ-ից բացի, այլ պետությունների տարածքներում գտնվող կանոնական բաժանմունքները կարող են գրանցել որպես ինքնուրույն իրավաբանական անձիք այլ անվանումների տակ, ըստ յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության:



1920-ական թվականներից Եկեղեցին գտնվում է ձգձգված իրավաբանական-կանոնիկ հակամարտության մեջ Կոնստանդինոպոլսի եկեղեցու հետ «պատվի առաջնության» շուրջ: 1990-ականներից բացառիկ իրավասության նրա նկրտումները վիճարկվում են այլ տեղական Եկեղեցիների կողմից Էստոնիայում եւ Մոլդովայում:

ՌՈՒԵ-ի առաջնորդն է Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարքը, որին ընտրում է Տեղական ժողովը, կազմված հոգեւոր եւ աշխարհիկ անձանցից: Ներկայումս ՌՈՒԵ-ի առաջնորդը պատրիարք Կիրիլն է:



Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) քրիստոնյա աշխարհի ամենահնագույն եկեղեցիներից է, որն ունի մի շարք էական տարբերություններ դավանանքի եւ արարողակարգի մեջ, որով տարբերվում է ինչպես բյուզանդական ուղղափառությունից, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: 301 թ-ն Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը: ՀԱԵ-ն արարողակարգը կատարում է իր ծիսակարգով:

Ներկայումս ՀԱԵ-ն կանոնիկ կառուցվածքով միասնական է , սակայն ունի երկու կաթողիկոսական աթոռ` Էջմիածնում եւ Կիլիկիայում (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն), կենտրոնը` Անթիլիասում, Լիբանան: Կիլիկիո կաթողիկոսությունը վարչական անկախության ունի, սակայն առաջնությունը պատկանում է Էջմիածնի Սուրբ աթոռին, որը կրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ծայրագույն Պատրիարքի տիտղոսը: Այժմ Ամենայն Հայոց կաթողիկոսն է Գարեգին Երկրորդն է:



Էջմիածնի տնօրինության տակ են գտնվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր թեմերը, եւ արտասահմանյան թեմերի մեծամասնությունը, մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի եւ նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրներում: Կիլիկիո կաթողիկոսը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի եւ Կիպրոսի թեմերը:



Գոյություն ունի նաեւ ՀԱԵ-ի երկու ինքնավար պատրիարքություն` Երուսաղեմի եւ Կոնստանդինոպոլսի, որոնք ենթակա են Էջմիածնի կաթողիկոսին: Երուսաղեմի եւ Կոնստանդինոպոլսի պատրիարքներն ունեն արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան: Երուսաղեմի պատրիարքության տակ են գտնվում Իսրայելի եւ Հորդանանի եկեղեցիները, իսկ Կոնստանդինոպոլսի` Թուրքիայի եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները:



1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը:



65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---